Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարելիցն է
25 տարի առաջ այս օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, նիստերի դահլիճ ներխուժել են զինված անձինք, որոնք կրակ են բացել՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Օրենսդիր և Գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, որը նախկինում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ է եղել, իսկ 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից:
Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով:
Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: