
Կառավարչի կինը

Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ:
Նրա նախկին սիրեկաններն այդ մասին իմանալով՝ շատ տխրեցին և մի օր որոշեցին խաբեությամբ դուրս հանել նրան տանից:
«Սուլոցով նշան կտանք, նա դուրս կգա մեզ մոտ, և կառավարիչը ոչինչ չի իմանա»,- ասացին նրանք:
Այդպես էլ արեցին: Բայց կինը, պայմանական ծանոթ սուլոցը լսելով, փակեց ականջներն ու վազեց ներքին սենյակները:
Իսկ առակի մեկնությունն այս է՝ գեղեցիկ, բայց պատիվը կորցրած կինը հոգին է, կառավարիչը՝ Քրիստոսը, ամուսնությունը՝ ապաշխարությունը, սուլոցը՝ աշխարհի գայթակղությունները, սուլող սիրեկանները՝ դևերն ու կրքերը, ներքին սենյակները՝ կյանքն ըստ Տիրոջ պատվիրանների:
Եթե հոգին մշտապես Աստծուն ապավինի, ապա դևերն ու կրքերը, վախենալով, կհեռանան նրանից:
Երանի մեր հոգիներն էլ նման կերպ միշտ առ Աստված դառնան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի