«ՄԱԿ բանաձևերը որևէ ձևով չեն մատնանշում, որ ՀՀ-ն օկուպացրել է այդ տարածքը». Գուրգեն Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացասական պատասխան էր տվել հարցին՝ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի՞ Հայաստանից օկուպացնել տարածքներ, հարձակվել, բայց Արցախի վերաբերյալ շեշտել էր․ «Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել՝ տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։

ԱԺ-ում նա դարձյալ անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է եղել։ Աղդամն իր հայրենիքը համարող Ալեն Սիմոնյանի նման հայտարարություններն այս օրերին քննարկվում են ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում․ ադրբեջանական մամուլի գլխագրերում Սիմոնյանի ձևակերպումներն են։

Հայգերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, ԷռլանգենՆյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ քաղաքական տեսանկյունից Ալեն Սիմոնյանը նման հայտարարություններ չպետք է անի։

«ՄԱԿ-ի բանաձևերն ասում են, որ հայկական ուժերը պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածք չեն եղել։ 4 բանաձևերը մատնանշում են, որ հայկական ուժերը պետք է դուրս գան, այսինքն՝ բանաձևերը որևէ ձևով չեն մատնանշում, որ ՀՀ-ն օկուպացրել է այդ տարածքը»,- 168am-ի հետ զրույցում ասաց նա։

Կարդացեք նաև

«Ադրբեջանցիները հիմար չեն և Արցախում կատարածը ձևակերպում են՝ հակաահաբեկչական գործողություն։ Աշխարհը չի աջակցում, եթե պետությունների մեջ նոր պետություններ են առաջանում։ Բայց միևնույն ժամանակ, թեև նրանց գործողություններն Արցախի նկատմամբ՝ իրենց պրիզմայի շրջանակներում արդարացված կամ իրավունքի տեսանկյունից լեգիտիմ են, դա չի նշանակում, որ էթնիկ զտումը կամ բռնի տեղահանությունն իրավական հիմք ունեն, հակառակը՝ այստեղ իրենք կոպիտ միջազգային իրավունքի ոտնահարում են կատարել, որն արդեն բերում է իրավական, քաղաքական պատասխանատվության»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ թեպետ ՄԱԿ-ի բանաձևերը ԼՂԻՄ-ի կարգավիճակը չեն մատնանշում, բայց միևնույն ժամանակ այստեղ առաջանում է քաղաքական ճանաչելիության հարց։

«Աշխարհը ԼՂԻՄ-ը նույնպես դիտարկում էր՝ որպես Ադրբեջանի մաս, և նույնիսկ Հայաստանը Արցախի կարգավիճակը չէր ճանաչում, բանակցությունների ընթացքում կարգավիճակի հարցը միշտ հետաձգվում էր։ Կարգավիճակի հարցի լուծումը թողնվում էր հաջորդ գործողություններին։ Քանի որ Հայաստանն արդեն Պրահայում ԼՂԻՄ-ի տարածքը ճանաչեց Ադրբեջանի մաս, այս քաղաքական կամ իրավաբանական հատվածը փոխվում է, և Հայաստանն արդեն չի կարող այդ թեմայի շուրջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսել, դա կարող է անել միայն Արցախի ժողովուրդը։ Հայաստանի ձեռքերը կապված են այն պահից, երբ Հայաստանն այդ հատվածը ճանաչում է Ադրբեջանի մաս»։

Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի կողմից իրավական գործընթացները վերաբերել են նրան, որ Հայաստանը երբևէ կողմ չի հանդիսացել, որովհետև պաշտոնապես Հայաստանում չի եղել զորքերի հավաքագրում, ՀՀ զորքերի տեղակայում Արցախում, եղել է Պաշտպանության բանակ՝ Արցախում, և ՀՀ Պաշտպանության նախարարություն, դրանք տարբեր գործընթացներ են, որ դեռևս 90-ականներից եղել են։

«Ադրբեջանի քաղաքականությունը վերաբերում է նրան, որ Հայաստանն օկուպացրել է, բայց ես դեռ չեմ տեսնում, որ ՀՀ քաղաքականությունը պնդի այն, որ ՀՀ միջամտությունն ուղիղ է եղել։ Այնտեղ ոչ ուղիղ միջամտություն է, միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, որն ինչ-որ չափով դարձնում է հակամարտության կողմ, բայց ՀՀ քաղաքացիները, ովքեր գնացել են Արցախ, կամավոր են գնացել, պաշտոնական գործընթաց չի եղել։ Սա հաստատվել է նույնիսկ ՄԻԵԴ-ի որոշմամբ։ ՄԻԵԴ-ը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով նշել էր, որ այո, Հայաստանը դե ֆակտո ունի Արցախի նկատմամբ ազդեցություն, բայց ՀՀ-ն օկուպանտ չէ։ Սա շատ կարևոր հանգամանք է»,- նշեց նա։

Հռոմի ստատուտի վավերացմանն ու Միջազգային քրեական դատարան դիմելու, միջազգային տարբեր ատյաններում եղած գործընթացների վերաբերյալ նա նշեց, որ դրանք պետք է շարունակվեն՝ անկախ քաղաքական հայտարարություններից, քանի որ այլ իրավական եզրեր են ծածկում․ «Իրավական տեսանկյունից նախկին ԼՂԻՄ-ի տարածքի վերաբերյալ գործընթացները շատ դժվար է առաջ տանել, որովհետև այդտեղ երկու սկզբունք կա՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականության սկզբունք, որոնք իրար հակասող են և իրավական տեսանկյունից բարդ է գործընթացներ տանել, որովհետև այստեղ քաղաքականությունը մեծ դերակատարություն ունի։ Բայց այն գործընթացները, որոնք վերաբերում են պատերազմական հանցագործություններին, էթնիկ զտմանը, հայատյացությանը, այդ գործընթացներն ունեն բոլոր իրավական հիմքերը»։

Գուրգեն Պետրոսյանը շեշտեց՝ Հայաստանի կողմից այս հարցին պարբերաբար անդրադառնալը սխալ է․ «ՀՀ-ն պետք է խուսափի նման հարցերին իրավական որոշակիություն տալ, քաղաքական տեսանկյունից Ալեն Սիմոնյանն իրավունք չունի այս թեմային անդրադառնալ, որովհետև ինքը պարբերաբար արդարացնում է Ադրբեջանի գործողությունները։

Նա պետք է շեշտադրի, որ Ադրբեջանն այդ գործողությունները կատարելիս՝ այս տեսակի ոտնահարումներ է կատարել, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի են։ Իրավական հիմքը կա, միգուցե պետք է դրա մասին բաց խոսել, բայց չեմ կարծում, թե բարձր մակարդակով պետք է այդ խոսակցությունները տանել»։

Տեսանյութեր

Լրահոս