
Բայդենը հայտարարել է պաշտպանական ներդրումների ավելացման անհրաժեշտության մասին՝ ՆԱՏՕ-ի կարիքները բավարարելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 22-ին Վաշինգտոնում Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ հանդիպմանը նշել է պաշտպանական ներդրումների ավելացման անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի կարիքները բավարարելու համար, որպեսզի կառույցը կարողանա դիմակայել ապագա մարտահրավերներին։ Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։
Բայդենը և Գոլոբը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արտաքին քաղաքական հարցեր և հաստատել են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Բայդենը երախտագիտություն է հայտնել Սլովենիային օգոստոսին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև գերիների փոխանակման գործում ներդրած ջանքերի համար։
ԱՄՆ նախագահը և Սլովենիայի վարչապետը խոսել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև Գազայում ճգնաժամի կարգավորման մասին։