Գորիսի ոստիկանապետի գլխին մութ ամպեր են կուտակվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտակվել՝ Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալության պատճառով։
Հիշեցնենք․ հոկտեմբերի 5-ին Տեղի համայնքապետը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել: Մեզ պատմել են, որ ձերբակալությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, մասկի շոուով։ Մոտ 20 ոստիկան` պետի գլխավորությամբ ասֆալտին փռելով, թեւերը ոլորելով՝ բաժին են տարել նրան եւ 6 ժամ պահելուց հետո ազատ արձակել։
Հիմա Ղուլունցը կուլ չի տալիս այդ անարգանքը եւ, ըստ մեր աղբյուրների, բողոքել է վերեւներին՝ դիմել է դատախազություն եւ պահանջել գնահատական տալ ոստիկանների անհամաչափ գործողություններին եւ պատժել։
Ձերբակալության օրը ՆԳՆ-ից պարզաբանել էին, որ համայնքապետը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար է ենթարկվել վարչական ձերբակալման, ապա ազատ արձակվել: Հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ըստ լուրերի՝ ձերբակալությունը կապված է եղել ապօրինի շինարարության հետ։ Ի դեպ, գորիսեցիները պատմում են, որ ոստիկանապետը «Բիչոկ» մականունը ստացել է տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպից հետո, երբ տեղի պաշտոնյաներից մեկը «բիչոկ» է շպրտել նրա վրա»: