ՄԻՊ-ն աշխատում է Օրուելյան սկզբունքով՝ «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի են հավասար». քաղաքական կաշկանդվածությունը՝ ընդդեմ բարոյականության
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ երեկ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։
Հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը, ինչպես տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ֆեյսբուքյան պաշտոնական էջից, մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։
Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նախարարներ, պատգամավորներ, մի խոսքով՝ իշխանական ողջ էլիտան:
Ու այս ներկայացուցչական միջազգային միջոցառմանը չէր մասնակցում ոչ մի նախկին ՄԻՊ, բացառությամբ Արտաքին հետախուզական ծառայության ներկայիս ղեկավար Քրիստիննե Գրիգորյանից:
ՄԻՊ-ից, ի պատասխան մամուլի հարցումների՝ ինչո՞ւ այդ միջոցառմանը հրավիրված չէ ոչ մի նախկին Պաշտպան, շատ ուշագրավ պատասխան էին տվել.
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած միջազգային համաժողովը նախանշված միջոցառումներից առաջինն էր, և նախատեսված էր բացառապես պետական մարմինների ներկայացուցիչների, դեսպանների, միջազգային գործընկերների համար։
Առաջիկայում իրականացվելու են նաև Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների և տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Միևնույն ժամանակ, նշենք, որ նախկին ՄԻՊ-երի և աշխատակիցների աշխատանքի կարևորությունը շեշտադրված է Պաշտպան Անահիտ Մանասյանի ողջույնի ուղերձում և մեր կողմից նախապատրաստված` ՄԻՊ հաստատության 20-ամյակին նվիրված տեսանյութում»,- ասել էին ՄԻՊ-ից:
Հիմա հարց՝ իսկ «Իմ քայլը» կառավարող խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը հիմա ի՞նչ պաշտոն է զբաղեցնում, որ ներկա էր այդ միջոցառմանը: Այնպես որ, այդ մանիպուլյատիվ արդարացումները լուրջ չեն, ավելին՝ ծիծաղելի են:
Առնվազն ամոթ է ու բարոյական չէ խոսել ՄԻՊ հաստատության կայացման 20-ամյա ճանապարհից, ու չհրավիրել միջազգային ներկայացուցչական միջոցառմանը այն մարդկանց, ովքեր կայացրել են այդ ինստիտուտը: Իսկ միգուցե նախկին ՄԻՊ-երից, օրինակ, Լարիսա Ալավերդյանին կամ Արման Թաթոյանին հրավիրելը խնդրահարո՞ւյց կարող էր լինել գործող ՄԻՊ Անահիտ Մանասյանի համար, ու դրա համար «за компанию» չեն հրավիրվել նաև մյուսնե՞րը:
Մյուս կողմից, եթե միջոցառմանը սահմանադրական, ինստիտուցիոնալ վերաբերմունք է ցուցաբերվել, ու դրա համար հրավիրվել են բոլոր պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարները, նախկին ՄԻՊ-երը, որ բարձր մակարդակի սեգմենտի ներկայացուցիչներ են, հեչ կապ չունեի՞ն այդ կառույցի հետ սահմանադրական-ինստիտուցիոնալ առումով, որ հրավիրված չէին:
Իր վերաբերմունքով գործող ՄԻՊ-ը ստորաբերում է ՄԻՊ հաստատության նշանակությունը՝ տուրք տալով իր քաղաքական կաշկանդվածությանն ու խմբային շահերին: Կամ ի՞նչ է նշանակում՝ դեռ էլի միջոցառումներ են լինելու, կկանչենք: Սա նույնն է, որ տանը սեղան են գցում, երեխաներին առանձին են նստեցնում, որ մեծերին չխանգարեն: Օրինակներ էլի կարող են լինել: Սա շատ վիրավորական է, ու եթե գործող ՄԻՊ-ն այդքանը չի հասկանում, դա իրապես լուրջ խնդիր է:
Այդ հաստատությունը կայացել է նախկին Պաշտպանների շնորհիվ, և մեկ տարի պաշտոնավարած ՄԻՊ-ը հանկարծ որոշում է, որ Միջազգային ներկայացուցչական միջոցառմանը նրանց չհրավիրի, բայց, լավ, որ թեմա չդառնա, կկանչենք տեղական միջոցառումներին, թող մեր գովքը լսեն:
Իսկ միգուցե գործող ՄԻՊ-ը վախեցե՞լ է, որ նախկին ՄԻՊ-երը կարող են ձայնի իրավունք խնդրել, ելույթներով հանդես գալ, որոնց բովանդակությունը կարող էր դուր չգալ հրավիրված քաղաքական իշխանությանը, ու դրա համար, շառից-փորձանքից հեռու՝ զերծ է մնացել նման զարգացումից:
Եվս մի ուշագրավ հանգամանք չվրիպեց մեր աչքից. Անահիտ Մանասյանը, ի թիվս Հայաստանի Հանրապետության և ՄԻՊ դրոշների, տեղադրել էր նաև Եվրամիության դրոշը:
Եվ որքան էլ որ արդարացումներ հնչեն, թե ֆինանսավորողն իրենք են, նման միջոցառման ժամանակ ԵՄ դրոշի ցուցադրությունը խոսում է քաղաքական հստակ կողմնորոշման մասին, ինչը շատ վատ ազդակ կարող է լինել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների Օմբուդսմենների համար: Աշխարհաքաղաքական ակնհայտ այս առճակատումների ֆոնին ԵՄ դրոշի բացահայտ գովազդը ծանր հետևանքներ կարող է ունենալ ԱՊՀ տարածքում ապրող մեր հայրենակիցների համար, ովքեր կարող են մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ ունենալ, և ում հետ պիտի աշխատի գործող Պաշտպանը:
Ի դեպ, Օմբուդսմենի հաստատություններ կան նաև այն երկրներում, ովքեր ԵՄ անդամ չեն, բայց այդ երկրներում էլ են մարդու իրավունքները պաշտպանվում, ու նրանք բոլորը միավորված են ՄԱԿ-ի հովանու ներքո: Ու նաև այդ երկրներից են ընդգրկվում ներկայացուցիչներ, երբ, օրինակ, որևէ երկրի Օմբուդսմանի գրասենյակին տալիս են A կարգավիճակ: Ու նրանք բոլորը հավասար են, բայց, փաստորեն, ներկայումս ՄԻՊ-ում աշխատում են Օրուելյան սկզբունքով՝ «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի են հավասար»:
Եվ վերջում:
Օրեր առաջ հրապարակվեցին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հերթական հետազոտության արդյունքները, որոնք հավաքվել էին սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Անահիտ Մանասյանը, ով սիրում է խոսել ՄԻՊ հաստատության՝ ներկայումս եղած բարձր վարկանիշից, թող ամեն դեպքում այս հարցման արդյունքներն էլ նայի:
Սա գնահատական է ՄԻՊ հաստատության աշխատանքին 2018-2024թթ.:
Ի դեպ, ՀՀ-ն ունեցել է 6 ՄԻՊ՝ Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան, Կարեն Անդրեասյան, Արման Թաթոյան, Քրիստիննե Գրիգորյան, Անահիտ Մանասյան, բայց փաստորեն ՄԻՊ 20-ամյակի միջոցառմանը մասնակցում էր միայն ՄԻՊ առաքելությունն ու սահմանադրական երկաթյա երաշխիքներով կարևորագույն պաշտոնը իր խոսքով՝ ավելի լավ աշխատանքով փոխարինած Քրիստիննե Գրիգորյանը, ով ՄԻՊ պաշտոնում չբոլորեց պաշտոնավարման մեկ տարին: