«ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումները, դա լեգիտիմացնելու հիմք է ստեղծում». Հայկ Մամիջանյան
ԱԺ լիագումար նիստում ընթանում է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու այդ կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։
Այնուհետև Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Ալեն Սիմոնյանի՝ ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությանը, թե ««Պատիվ ունեմ»-ն առհասարակ պատիվ չունի», նկատեց.
«Այդ ճեպազրույցը նայում էի, կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ պատիվ չկա։ Եթե դա նկատի ուներ, ամեն ինչ ճիշտ է, իսկ մնացածի առումով Ալեն Սիմոնյանին պիտի հիշեցնեմ, թե ո՞րն է ՀՀ ամենաազդեցիկ ու ամենակայացած քաղաքական միավորներից մեկը, եթե ոչ՝ ամենակայացածը։ Թե ո՞ր քաղաքական միավորին են իրենք ամեն կերպ փորձում նմանվել, բայց ակնհայտ պատճառներով ու միայն դպրոցներ ստեղծելով՝ դա հնարավոր չէ։ Եվ ամենակարևորը՝ ո՞ւմ հնչեցրած բովանդակային կարծիքներից է իրենց թիմը պարզապես սարսռում։ Այնպես որ, ես ներողամտաբար կմոտենամ իր այդ հայտարարությանը»։
Հայկ Մամիջանյանը նաև հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը «Հայրենիք» կուսակցության հայտարարությունից և Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո բազմիցս հայտարարել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության համար քաղաքական պատասխանատվություն է կրում Հանրապետական կուսակցությունը։
Հայկ Մամիջանյանն արձագանքեց նաև իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, թե՝ «հո դպրոցակա՞ն չեն, որ քննարկմանը չեն մասնակցում»։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ փուլում չի մասնակցել տվյալ հակաօրինական ու հակասահմանադրական գործընթացին։
Հայկ Կոնջորյանի որակումները ցույց են տալիս իր՝ երևի մանկական, պատանեկան տրավմաները։ Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլից դեռևս չեն վերաճել, գուցե այս դեպքի հետ գործ ունենք։
Ինչո՞ւ մի փաստաթուղթ, որը չպետք է անցներ ներպետական վավերացումների տվյալ փուլերը՝ ՍԴ, ԱԺ և այլն, հայտնվեց այստեղ։ Սա ունի շատ պարզ պատասխան, որովհետև ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումները և որպես ալիբի և հետագայում արդարացումների հիմք՝ նախապատրաստում է այս փաստաթուղթը։ Սրանով է բացատրվում նաև այն, որ ՍԴ-ին հարցնում են՝ քանի՞ տարեկան ես, պատասխանում է՝ հուլիսն ամառվա ամիս է։
Մոզաիկան երբ կպցնում ենք իրար, ակնհայտ է դառնում, թե ինչո՞ւ են սա անում՝ սա հիմք է հետագա զիջումները լեգիտիմացնելու համար»,- հավելեց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանը նաև ընդգծեց, որ իշխանությունները զիջումներն անելու են այնպես, ինչպես արեցին Կիրանցում, ինչպես ՀՀ 4 գյուղ զիջեցին թշնամուն։ Տավուշում իշխանությունը խլում է հայկական տարածքները և հայտարարում, թե դրանք երբեք Հայաստանինը չեն եղել։
«Սա մոտավորապես՝ «մենք մեզ երբեք պարտված չենք համարելու»-ի հաջորդ սերիան է։ Դե, պատիվ չունեն, դրա համար էլ այս վիճակում ենք»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում