ՔԿ-ն չի հերքում, որ Արգիշտի Քյարամյանի խորհրդականը եղել է Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը

Հոկտեմբերի 14-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե` հետևյալ հարցադրումներով.

1. 2024 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող գործերի ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթները բաժանվել են՝ ըստ ուղղությունների, որի շրջանակում առանձնացվել էին «հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքերը»:

Սակայն 2023 թվականի նոյեմբերին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հակահարձակման դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով, որի հետ կապված քննարկմանն Արցախում հոկտեմբերի 5-ին մասնակցել է նաև այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Ներկա դրությամբ 2020 թվականի հոկտեմբերի 7-8-ի օպերացիային առնչվող որևէ նոր քննչական գործողություն իրականացվո՞ւմ է, կա՞ն այլ կասկածյալներ, մեղադրյալներ, ի՞նչ իրավիճակ ունենք այս պահին հակահարձակման օպերացիայի դեպքերով:

Կարդացեք նաև

2. 2024 թվականի հունիսին ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնել էին, որ 2020թ. նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձվել: Այս պահի դրությամբ նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ իրադարձությունների քննությունն ի՞նչ փուլում է, ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:

3. 2024 թվականի փետրվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը հենց Սերգեյ Առուստամյանն է եղել, արդյո՞ք նա հարցաքննվել է Շուշիի պաշտպանությանն առնչվող դրվագով հարուցված քրեական գործի շրջանակում:

4. 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության դեպքերով քանի՞ գործ է քննվել, քանի՞սն է կարճվել, քանի՞ գործ է ուղարկվել դատարան, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության դեպքերով քանի՞ գործ է քննվել, քանի՞սն է կարճվել, քանի՞ գործ է ուղարկվել դատարան:

5. 44-օրյա պատերազմին առնչվող քանի՞ գործ է հարուցվել, քանի՞սն է կարճվել և ի՞նչ գործեր են եղել դրանք:

Մեր բոլոր այս հարցադրումների պատասխանները ՀՀ քննչական կոմիտեն համարել է հրապարակման ոչ ենթակա:

«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված հարցադրումների մասով տեղեկատվական տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»,- նշվում է ՔԿ պատասխան գրության մեջ:

Քննչական կոմիտեի այս պատասխանը տարօրինակ է գրեթե բոլոր հարցերի դեպքում, քանի որ դրանք պահանջում էին հիմնականում այո կամ ոչ պատասխաններ:

Իսկ վերջին հարցադրումները ենթադրում էին այնպիսի վիճակագրություն, ինչը սովորաբար ներկայացվել է և՛ Ազգային անվտանգության կողմից, և՛ ՀՀ քննչական կոմիտեի, և՛ Գլխավոր դատախազության, ինչի մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը սիրում է Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել՝ կապված 44-օրյային առնչվող քրեական գործերի հետ:

Այսինքն, Քննչական կոմիտեի պատասխանը լավագույն դեպքում կարող էր վերաբերել մեր հարցման որոշ հարցադրումների ինչ-որ մի հատվածի, իսկ մնացածին Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը պարտավոր էր պատշաճ պատասխան տալ, բայց դրսևորել են ոչ պատշաճ գործելաոճ:

Մի բան, սակայն, կարող ենք արձանագրել՝ Քննչական կոմիտեն առնվազն չի հերքել, որ Արգիշտի Քյարամյանի խորհրդական Սերգեյ Առստամյանը եղել է Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը, այսինքն՝ միանգամայն բնական է նրա հարցաքննվելը:

Տեսանյութեր

Լրահոս