Բաժիններ՝

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը` 21-րդ դարի էպիդեմիա

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն (ԼՈԱՃ) իր բազմաթիվ կլինիկական ձևերով համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա:

Աշխարհի բնակչության 25-30%-ը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություններով, այսինքն` ամեն չորրորդը տառապում է այս հիվանդությամբ:

Ցավալին այն է, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն ունի աճող միտում, ավելին՝ երեխաների մոտ էլ է արձանագրվում այն, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցողների:

Նշենք, որ լյարդը ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5 տոկոսից ավելին կազմում է ճարպը:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների` մոտ 340 միլիոն երեխաների մոտ արձանագրվել է ավելորդ քաշ, որն էլ համարվում է ԼՈԱՃ` ամենամեծ ռիսկի գործոն:

Մեծահասակների մոտ լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և ամենակարևորը` անառողջ ապրելակերպը, այսինքն` ոչ ճիշտ սնուցումը և ֆիզիկական ոչ ակտիվությունը: Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո:

Հարկ է նշել, որ հասարակական առողջապահական առումով այն չի զիջում վիրուսային հեպատիտներին՝ իր բնական ընթացքով առաջացնելով բազմազան կլինիկական արտահայտվածություններ՝ ԼՈԱՃ (25-30%), ստեատոհեպատիտ (3-10%), լյարդի ցիրոզ (2-3%), լյարդի առաջնային ուռուցք (4-27%)՝ իրենց հայտնի բարդություններով:

Լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրական սնվել 3-4 անգամ, խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից, հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով, չսնվել ուշ ժամերին և վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ:

 

Տեսանյութեր

Լրահոս