Հայաստանից դուրս ձևավորվում է կոնսենսուս՝ Հայաստանի հաշվին՝ առանց ՀՀ իշխանության որոշման. Արման Աբովյան
Ստամբուլում ավարտված «3+3» (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան և Ադրբեջան) ձևաչափով հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար:
Նշենք, որ առ այս պահը Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի արած հայտարարությանը պաշտոնական Երևանը չի արձագանքել։
Ի՞նչ է նշանակում Լավրովի այս առաջարկը, արդյո՞ք Ռուսաստանը փորձում է նոր բանակցային ֆորմատ առաջարկել Փաշինյանին և Ալիևին, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել վերլուծաբան Արման Աբովյանից։
Խոսելով ՌԴ ԱԳ նախարարի այս առաջարկի մասին՝ Աբովյանն ընդգծեց՝ դրա նպատակն այս տարածաշրջանում հավաքական Արևմուտքի ազդեցության խորացում թույլ չտալն է, իսկ ինչ վերաբերում է այդ առաջարկին հայկական կողմից պատասխանի բացակայությանը, ապա, ըստ Աբովյանի, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը ստեղծված իրավիճակում ոչ թե որևէ բան որոշող է, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի որոշումների կատարածու։
«Ռուսներն ու իրանցիները հասկանում են՝ այս տարածաշրջանում Արևմուտքն արդեն իսկ ներկայացված է՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի այս իշխանության տեսքով։ Տեսնում են՝ Հայաստանի իշխանությունը գտնվում է տոտալ արևմտյան ճնշման ներքո, տեսնում են, որ Մեծ Թուրանի նախագիծը կյանքի կոչելու համար համընկնում են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հարավը՝ Սյունիքը, պետք է կտրվի «Զանգեզուրով միջացքի» բացումով։ Այդ միջանցքը մի ճանապարհ է, որն իր ենթակառուցվածքներով կտրելու է Հայաստանի այդ մարզը Հայաստանի մնացյալ հատվածից։ Այդ պարագայում հայ-իրանառուսական կողմն անգամ չի կարողանալու տեղեկանալ, թե ինչ է տեղափոխվում այդ ճանապարհով։ Հենց այս վտանգները կանխելու համար են փորձում թույլ չտալ Արևմուտքի ազդեցության խորացում։ Հիշեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը միացյալ սահման ձևավորելն է, և քանի դեռ չի ձևավորվում թուրք-ադրբեջանական ցամաքային սահման՝ Սյունիքով, ապա բոլոր այլ նախագծերը կդառնան անիմաստ»,- ասաց վերլուծաբանը։
Վերջինս ընդգծեց՝ այս ամենով հանդերձ՝ միաժամանակ ինքը մեծ վերապահումով է վերաբերվում 3+3 հարթակին միայն այն պատճառով, որ այդ ձևաչափում ընդգրկված են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնց նպատակը ոչ թե հայերի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի միջոցով ռուսների, իրանցիների, Չինաստանի և այլ պետությունների հետ իրենց խնդիրների կարգավորումը, շահերի սպասարկումը, իրենց համար ռազմավարական խնդիրների լուծումը, ինչը, ի դեպ, անում են 3+3 հարթակի բոլոր պետությունները՝ բացառությամբ Հայաստանի։
«Հայաստանի այս իշխանությունը կամավոր որոշում է կայացրել իշխանությունը պահելու դիմաց իրեն զրկել Հայաստանի վերաբերյալ ռազմավարական որոշում կայացնելու ունակությունից։ Ինչ վերաբերում է, նրան, թե՝ եթե այդպես է, ինչո՞ւ չի բացվել մինչև հիմա Սյունիքով միջանցքը, ապա դա չի բացվել միայն այն պատճառով, որ, եթե ՀՀ այս իշխանությունը գնա ռուսական տարբերակով, բախվելու է Արևմուտքի հետ, եթե գնա արևմտյան տարբերակով՝ ռուսների, հետևապես՝ կոչ եմ անում չհիմնվել ՀՀ այս իշխանությունների հայտարարությունների վրա. ընթացող գործընթացները գալիս են ապացուցելու, որ Հայաստանից դուրս ձևավորվում է կոնսենսուս՝ Հայաստանի հաշվին՝ առանց ՀՀ իշխանության որոշման»,- շեշտեց Արման Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։