
Ռյուտեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ծրագրում են ձեռք բերել ՀՕՊ համակարգեր և հրետանու հազարավոր միավորներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պատրաստվում են իրենց զինանոցները համալրել զգալի քանակությամբ ՀՕՊ միջոցներով, հրետանային համակարգերով և նորագույն ինքնաթիռներով։
Այս մասին Ռյուտեն հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պլանավորում են ձեռք բերել հազարավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և հարյուրավոր ժամանակակից ինքնաթիռներ, հատկապես F-35 կործանիչ-ռմբակոծիչներ», – ասել է նա։
Ռյուտեն հիշեցրել է, որ դաշնակիցները պաշարները համալրելու համար նաև գնում են Patriot զենիթահրթիռային համակարգերի հազար հրթիռ։
Հոկտեմբերի 17-ին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման առաջին օրը, Ռյուտեն հայտնել էր, որ Ուկրաինան շուտով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կդառնա։