
Հայաստանը պետք սահմանադրական փոփոխություններ կատարի. Բայրամովը «3+3»-ի նիստին կրկնել է Ադրբեջանի պահանջը

«Հայաստանը պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «3+3» ռեգիոնալ խորհրդատվական հարթակի հերթական նիստի ընթացքում, որին մասնակցում են Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի ԱԳ նախարարները։
«Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի ու շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ՝ կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում այնպիսի ճգնաժամային պահին, ինչպիսին հետհակամարտային ժամանակաշրջանն է:
Կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններով վերացվեն նախկին հակամարտության հետևանքները»,- ասել է ադրբեջանցի նախարարը։