
Արաղչին ժամանել է Ստամբուլ՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպմանը։
Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Նախքան Թուրքիա այցելելը Արաղչին մեկնել էր Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իրաք, Օման, Հորդանան և Եգիպտոս՝ այդ երկրների ղեկավարների հետ խորհրդակցություններ անցկացնելով Գազայում և Լիբանանում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստն անցկացվում է Ստամբուլում՝ հոկտեմբերի 18-ին։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես աշխատանքային այցով կգտնվի Ստամբուլում՝ մասնակցելու «3+3» ձևաչափով նիստին։
Թբիլիսին օրերս հայտարարել էր, որ վրացական կողմը ներկայացված չի լինի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններում։
«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։
Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։