Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 17-ի երեկոյան կարճատև այցով ժամանել է Բեռլին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ քննարկելու Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հոկտեմբերի 18-ին Բայդենը հանդիպում կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որից հետո արդեն բանակցություններ կանցկացնի Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը 40 տարվա ընթացքում առաջին անգամ եռօրյա պետական այցով կլիներ Գերմանիայում և ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազայում ավելի մեծ կազմով հանդիպում կանցկացներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրների հետ: Սակայն Ջո Բայդենը չեղարկել էր այդ ուղևորությունը, որպեսզի կենտրոնանա ԱՄՆ-ին պատուհասած «Միլթոն» փոթորկի դեմ պայքարի վրա։ Այժմ նա բաց թողած այցը լրացնում է կարճատև այցով, իսկ Ռամշտայնի ձևաչափով հանդիպումը կանցկացվի նոյեմբերին՝ տեսակապի ձևով։