
Շիրակի և Արագածոտնի մարզերի որոշ հատվածներում ձյուն է գալիս

Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում ձյուն է գալիս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է»,– նշված է հաղորդագրությունում։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Նա նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում տեղացած ձյունը ծածկել է ավտոմեքենան։