
ԵՄ դեսպանը մասնակցել է ՀԱԷԿ-ի և ՀԱԿՄ-ին տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը

Հայաստանում ԵՄ դեսպանը մասնակցել է «Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) և Հայկական ատոմային կարգավորող մարմնին (ՀԱԿՄ) տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը», որը տեղի է ունեցել Մեծամորում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից:
«Նույնիսկ իննսունականներից սկսած՝ ԵՄ-ի համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում բնութագրվել է տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակմամբ, վերապատրաստումներով, ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ և միջուկային անվտանգության երաշխիքներով։
Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը սկսած իննսունականներից հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների․ սա ԵՄ հանձնառության հստակ նշան է։
Դեսպանն իր խոսքում նշել է նաև ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով, և ՀԱԿՄ-ում ընթացող 1 ծրագրի մասին՝ 1,5 միլիոն եվրոյի չափով, որոնք ֆինանսավորվում են Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի (INSC) շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ: