Փաշինյանի սենսացիոն խոստովանությունն Արցախի վերաբերյալ
«Պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- նախօրեին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մեկը կատարած այցի ժամանակ՝ խոսելով միջավայրի կարևորության մասին նման, իր իսկ խոսքերով՝ «տարօրինակ», իսկ իրականում՝ հակահայկական, հակապետական հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։
Որպես իր այդ հայտարարության հիմնավորում՝ նա հերթական անգամ կրկնել է «իրական Հայաստանի», պետության՝ բարեկեցության գործիք լինելու մասին իր վերջին թեզերը և այդ շարքին դասվող մի շարք այլ պարզունակ դատողություններ։
Բայց խնդիրը հիմնավորումները չեն, այլ հենց այդ մի արտահայտությունն անելու ցինիզմը, փաստն իսկ, որ անվերջանալի այս ողբերգություններից հետո դրանում անմիջական մասնակցություն ունեցողներից մեկը, եթե ոչ՝ հենց բուն հեղինակը, հայտարարում է, թե հիմա ավելի լավատես է, քան 2018, 2019 թվականներին։
Բավական է ընդամենը հիշել, որ այդ ժամանակահատվածում Հայաստանն անվտանգ պետություն էր, իսկ Արցախը՝ հայկական՝ ինքնորոշման իրավունքի հաստատման միանգամայն իրատեսական հեռանկարով, այսօր արդեն նահատակված շուրջ 5000 երիտասարդներով, ազգային արժանապատվությամբ։ Բայց պարզվում է, որ այդ ամենն ունեցող պետության ղեկավարը լինելով՝ Փաշինյանը եղել է պակաս լավատես, քան է՛ այսօր, երբ Արցախը կորսված/հանձնված է, երբ ընդհատված է հազարավոր երիտասարդների կյանքը, երբ 120 հազար արցախահայ բռնի տեղահանված է, երբ Հայաստանն ապրում է ամենօրյա պատերազմի սպառնալիքով։
Իրականում սա Նիկոլ Փաշինյանի կողմից ինքնախոստովանություն է՝ Արցախի հանձնմանն առնվազն անուղղակիորեն նպաստելու, Արցախից ազատվելու գիտակցված գործողությունների մասին, որը նրան բերել է այսօրվա լավատեսական հանգրվանին։ Եվ այնպես չէ, որ այս հայտարարությունը սոսկ էմոցիոնալ պոռթկում է կամ չկշռադատված միտք։ Նիկոլ Փաշինյանն արդեն Արցախի կորստից հետո բացահայտ հայտարարել է, որ Արցախը Հայաստանի վզին գցված «պավադոկ» էր, որը տարբեր երկրներ օգտագործում էին Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու համար, իսկ նրա իշխանության կարկառուն ներկայացուցիչները հայտարարել են, թե 2023թ․ սեպտեմբերի 19-ը՝ Արցախի դեմ էթնիկ զտման ու արցախահայության բռնի տեղահանության մեկնարկի օրը, պետք է համարել Հայաստանի իրական անկախության օր։
Եվ այսօր Փաշինյանը՝ հայտարարելով, որ ավելի լավատես է, քան 2018-2019 թվականներին, խոստովանում է, որ այն ժամանակ իր լավատեսությանը խանգարել է հենց հայկական Արցախը։ Նա չի ասում, բայց հասկացողը հասկանում է, որ հենց այդ լավատեսությանը հասնելու համար է Նիկոլ Փաշինյանը 2018-19 թվականներին հաջորդող ժամանակահատվածում գիտակցված կատարել գործողություններ, որոնք առնվազն արագացրել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան (2020 թ․ հուլիսին տավուշյան տեղային մարտերի սարդարապատացում, նույն թվականի օգոստոսին Սևրի դաշնագրի՝ պետականորեն նշում, ղարաբաղյան կարգավորման գործընթացում «սեփական, զրոյական կետից բանակցություններ», «ինչ ուզում ենք՝ այն էլ բանակցում ենք», և այդպես շարունակ)։
Այսինքն՝ 2018-ին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր լավատեսությանը խանգարում է Արցախը, և հետևողական գործողություններ է իրականացրել՝ սեփական լավատեսությունը բարձրացնելու, իմա՝ Արցախից ազատվելու համար։
Հայաստանը երբևէ դառնալու է իրավական պետություն՝ անկախ իրավապահ մարմիններով, ու վստահաբար Նիկոլ Փաշինյանի այս «տարօրինակ» հայտարարությունը կարող է տեղ գտնել քրեական գործում, որի ընթացքն ու ավարտը վստահաբար նրա համար լավատեսական չեն կարող լինել։
Հարություն Ավետիսյան