Սեբաստիան Լըկորնյուն ու Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել են ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության ընթացքին
Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունեց Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն ու Հայաստանի դեսպանը հանգամանալից անդրադարձ կատարեցին Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության ընթացքին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ առաջիկայում ծրագրված Ֆրանսիա այցի օրակարգին։ Դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց նախարար Լըկորնյուին Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման և պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցում վերջինիս սկզբունքային հանձնառության և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար։
Հանդիպման ավարտին նախարար Լըկորնյուն Հասմիկ Տոլմաջյանին պարգևատրեց Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության «Ազգային պաշտպանության» ոսկե մեդալով` Ֆրանսիայում դիվանագիտական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։