Իշխանության ասկարիդները և պետության փտախտը
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի ղեկավարի ու ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ արձանագրված այլանդակ տեսարանը, բացի իշխանության այլասերող/այլասերված բնույթից, մեկ այլ խորքային երևույթի վկայությունն է։
Ներկայումս Հայաստանի ներքաղաքական կյանքում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, իշխանության դեմ կազմակերպված ընդդիմադիր շարժումները տարբեր պատճառներով դեռևս հաջողության չեն հասնում, ինչի պատճառով իշխանության ներկայացուցիչները զրկվել են իրենց պատկերացմամբ՝ «ներքին թշնամուց» և կարողանում են գզվռտոցների միջոցով պայքարել ներիշխանական տարբեր խմբավորումների դեմ։
Իհարկե, երևույթը, որ երկրի ներսում ընդդիմադիր, իրենց տեսակետին չհամապատասխանող հայացքներ ունեցողներն այս իշխանությունների կողմից ընկալվում են՝ որպես «ներքին թշնամիներ», նողկալի է, բայց իրականությունն այն է, որ իշխանության դեմ պայքարող ցանկացած մեկը հենց այդպես է գնահատվում բոլոր պաշտոնյաների կողմից, քանի որ նրանց համար կյանքի գլխավոր իմաստը հենց իշխանությունն է, հետևաբար՝ դրա դեմ պայքարող ցանկացած մեկը թշնամի է՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Այսպիսով, դասական կանոնի համաձայն, երբ որևէ համակարգի թշնամին թուլանում կամ վերանում է, համակարգը սկսում է ներքին քայքայման գործընթացը, ինչը կարող է լինել Հայաստանի իշխանության կառուցվածքում ներկայումս կատարվողի բացատրություններից մեկը։
Բայց դա զուգահեռաբար վկայում է շատ ավելի վտանգավոր մեկ այլ իրողության մասին, որը վերաբերում է արդեն ոչ թե իշխանությանը, այլ պետությանը։ Համակարգային նույն՝ թշնամու առկայության կամ բացակայության կանոնը վերաբերում է նաև պետությանը։ Հայաստանը՝ ունենալով իրական թշնամի/թշնամիներ, արդեն տևական ժամանակ է՝ վարում է պայմանականորեն ասած թշնամու անտեսման, թշնամուն՝ որպես բարեկամ ընդունելու քաղաքականություն։ Ադրբեջանի նախագահն օրումեջ հայտարարում է Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու, Հայաստանի մեծ մասի՝ ադրբեջանական լինելու մասին, ինչին ի պատասխան՝ Հայաստանի ղեկավարն ասում է, թե դրա նպատակն իրեն խաղաղության գործընթացից շեղելն է։
Այսինքն՝ Հայաստանը՝ ունենալով միանգամայն իրական թշնամի, պետականորեն հրաժարվել է թշնամուն որպես թշնամի ընկալելու անխուսափելիությունից և վարում է քաղաքականություն, որի խորագիրը կարող է լինել «մենք խաղաղություն ենք ուզում, եթե անգամ դուք մեզ սպանում եք» անհեթեթությունը։
Քննարկվող թեմայի՝ համակարգերի դիմակայունության տեսանկյունից, դա նշանակում է, որ Հայաստանը՝ որպես պետություն, որպես մեծ համակարգ, դադարել է գործել՝ որպես թշնամի ունեցող երկիր, իրական թշնամու առկայության պարագայում։ Իսկ դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ հիմա Հայաստանի հետ՝ որպես պետություն-համակարգի, կատարվում է մոտավորապես նույնը, ինչ նախօրեին տեղի էր ունենում Ազգային ժողովում։
Եվ եթե իշխանության ներքին քայքայումը կարող է երևակվել որպես իշխանության ինքնափլուզման հեռանկար ու ոգևորել շատերին, ապա պետության պարագային նույնպիսի հեռանկարն ուղղակի ողբերգական հետևանքներ կարող է ունենալ։ Բայց ողջ ողբերգականությամբ, դա օրինաչափ հեռանկար է, որը պատահում է բոլոր այն պետությունների հետ, որոնց իշխանությունը պատրաստ է նվաստանալ իրական արտաքին թշնամու առաջ՝ հանուն սեփական իշխանությունը «ներքին թշնամիներից» պաշտպանելու ճղճիմության։
Հարություն Ավետիսյան