Ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկերից պետական բյուջե է վճարել շուրջ 300 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, հարկային օրենսդրության համաձայն պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու համար, հարկեր չվճարելու նպատակով, 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը․ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության հիմնադիր-տնօրենին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 298,890,423 ՀՀ դրամ։

Տեսանյութեր

Լրահոս