Ֆրանսիան արգելել է Իսրայելի ընկերություններին մասնակցել Euronaval ցուցահանդեսին. POLITICO

Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել Եվրոպայի խոշորագույն Euronaval ռազմածովային տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին, որը նոյեմբերի 4-ից 7-ը կանցկացվի Փարիզում։ Այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։

Նշվում է, որ իսրայելական ընկերությունների ներկայացուցիչները, միևնույն է, կկարողանան այցելել միջոցառմանը, սակայն նրանց արգելված է ռազմական տեխնիկա ներկայացնել ցուցահանդեսային տաղավարներում։ Իսրայելից ցուցահանդեսին պետք է մասնակցեր յոթ ընկերություն, այդ թվում՝ պաշտպանական հսկաներ Rafael-ը, Elbeit Systems-ը և Israel Aerospace Industries-ը:

Այս մասին առաջինը հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ի թղթակից Լոուրենս Նորմանը՝ նշելով, որ Իսրայելին մերժելու որոշումը «գալիս է Ելիսեյան պալատից», այսինքն՝ Ֆրանսիայի վարչակազմից։

POLITICO-ն հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հարաբերությունները սրվել են Գազայի հատվածում և Լիբանանում Իսրայելի գրոհների ընդլայնման ֆոնին։

Ավելի վաղ Ֆրանսիան արդեն արգելել էր Իսրայելին մասնակցել պաշտպանական խոշոր ցուցահանդեսի: Հունիսին Իսրայելին թույլ չէին տվել մասնակցել Փարիզում անցկացվող ցամաքային սպառազինությունների և ռազմական տեխնիկայի Eurosatory ցուցահանդեսին։ Ավելի ուշ դատարանը բեկանել էր այդ որոշումը, սակայն Իսրայելի մասնակիցները չէին հասցրել ներկա գտնվել միջոցառմանը։

Վերջին օրերին Մակրոնը երկրներին քանիցս կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքերի մատակարարումները, եթե այդ զենքերն օգտագործվում են Գազայում և Լիբանանում։ Իսկ հոկտեմբերի 15-ին, ըստ POLITICO-ի, Մակրոնը փակ դռների հետևում հայտարարել է, որ Նեթանյահուն չպետք է «անտեսի ՄԱԿ-ի որոշումները», որովհետև նրա «երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշման արդյունքում»։

Տեսանյութեր

Լրահոս