Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն խաղաղապահներին դուրս չի բերի Լիբանանի հարավից
Եվրամիությունը, որն ընդգրկված է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների (UNIFIL) կազմում, այնտեղից դուրս չի բերի իր զորքերը։ Այդ մասին Reuters-ին հայտնել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
«Ոչ մի քննարկում չի եղել (զորքերի) դուրսբերման կամ նման հարցի շուրջ, – մեջբերում է գործակալությունն Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի խոսքը։ – Նրանք կմնան այնտեղ, բայց մեր զորքերի անվտանգությունն առաջնահերթ նշանակություն ունի և պետք է ապահովվի բոլորի կողմից»։
Միևնույն ժամանակ, Շալենբերգն ընդգծել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու շիա «Հեզբոլլահ» շարժումից, բայց միևնույն ժամանակ, խաղաղապահների դիրքերի վրա նույնիսկ ոչ միտումնավոր հարձակումները միջազգային օրենքի խախտում են։
UNIFIL-ի կազմում ընդգրկված է 16 պետություն։ 10 000-անոց զորախմբի կազմում 3600-ը ԵՄ խաղաղապահներն են, որոնցից 160-ն՝ Ավստրիայից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ դուրս բերել խաղաղապահներին մարտական գործողությունների գոտուց։ Իսրայելի գնդակոծությունների պատճառով Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահի վիրավորվելու մասին հաղորդվել էր հոկտեմբերի 10-ին, ևս 2 վիրավորի մասին՝ հոկտեմբերի 11-ին։ 1 խաղաղապահ էլ վիրավորվել էր հոկտեմբերի 12-ին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների վրա ցանկացած հարձակում կարող է որակվել որպես «պատերազմական հանցագործություն»: