Ռեգիոնալ ջրերի հրեշը՝ Կլիմայի գագաթնաժողովի քողի տակ
Ադրբեջանը պատրաստվում է օկուպացված Արցախում կառուցել գրեթե երեք տասնյակ նոր ՀԷԿ: Տիրանալով ռեգիոնում կարևոր նշանակություն ունեցող ջրային աղբյուրներին, Ադրբեջանը պատրաստվում է ձեռնամուխ լինել դրանց անխնա շահագործմանը:
Հայաստանում «բնապահպանական» մեծ աղմուկ էր բարձրանում, երբ տարիներ առաջ, մինչև 2020 թվականը, Արցախի կառավարությունը Քարվաճառում կառուցում էր որևէ ՀԷԿ կամ հայտնում այդպիսի ծրագրի մասին: Հնչում էին ահազանգեր, իբրև թե այդ ներդրումները սպառնում են շրջակա միջավայրին: Ավելին, նույնիսկ Քարվաճառի մի բնակիչ-քաղաքագետ հացադուլ էր հայտարարել՝ որպես պայքարի միջոց, Երևանից էլ նրան էին միացել ինչ-որ բնապահպանական խմբեր՝ պահանջելով «ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցում»: Տեսանյութեր էին տարածում, թե ինչպես են Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի դպրոցականները դասադուլ անում՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-երի կառուցումը…
Ադրբեջանի մտադրության առնչությամբ՝ ռեգիոնալ կարևորության ջրային ռեսուրսի հաշվին կառուցել գրեթե երեք տասնյակ ՀԷԿ, Հայաստանում լռություն է: Բնապահպանական ակտիվիստները տարօրինակ լուռ են: Իրապես տարակուսելի պատկեր է: Ոչ միայն այն առումով, որ Արցախի պարագայում այդօրինակ ծրագրերը Հայաստանում արժանանում էին «բնապահպանական» թիրախավորման: Տարակուսելի է, որովհետև, երբ Ադրբեջանն է Հայաստանի հասցեին ներկայացնում մտացածին «բնապահպանական» մեղադրանքներ, Հայաստանում հանկարծ հնչում են «ունիսոն» ձայներ:
Մինչդեռ, ձայն չկա, երբ ռեգիոնալ շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրային ռեսուրսի հանդեպ կամայական քաղաքականություն է իրականացնում Բաքուն: Այն դեպքում, երբ թվում է, որ պետք է լիներ լիովին հակառակը, և Հայաստանում բնապահպանական խմբերը պետք է պարզապես հանգիստ չտային միջազգային թե միջպետական, թե հասարակական նախաձեռնություններին, թե տարատեսակ դոնոր կազմակերպություններին, նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ստեղծած խնդիրների վրա: Հատկապես նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ:
Չէ՞ որ բնապահպանությունը չի կարող ճանաչել պետական սահման: Թե՞ դա այդպես չէ, ու երևույթը գործնականում հենց պետական սահմաններով, կամ պարզապես՝ պետական շահերով պայմանավորվող ու ֆինանսավորվող երևույթ է, պարզապես հարցն այն է՝ թե որ պետության կամ պետությունների: Ըստ այդմ, Ադրբեջանի կլիմայական նկարագիրը չի հետաքրքրում նրանց ճնշող մեծամասնությանը, որովհետև Ադրբեջանն ինքը նրանցից մի զգալի մասի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դոնոր է:
Հարցն ա՞յդ է՝ մոտիվացիայի՞, թե՞ «բնապահպանական» մտահորիզոնի սահմանափակությունը: Երկու դեպքում էլ, իհարկե, պատկերը հուսադրող չէ, ամեն պարագայում՝ յուրովի: Բայց ոչ միայն հուսադրող չէ, այլ նաև մտահոգիչ է: Ընդ որում, մտահոգիչ է բոլորովին ոչ լոկ այն պատճառով, որ Ադրբեջանը «հատուկ նշանակության բնապահպանների» միջոցով, հսկայական նավթադոլարներով փորձում է կեղծ մեղադրանքներ վերագրել Հայաստանին՝ տնտեսական կարևոր ուղղությունները թիրախավորելու և Հայաստանի թե տնտեսական կենսունակությունը, թե ներդրումային վարկը խաթարելու համար: Մտահոգիչ է նաև այն պատճառով, որ մոտիվացվածության կամ մտածողության այդօրինակ նեղ իրողությունը կասկածի տակ է դնում նաև հենց Հայաստանում բնության պահպանության հարցում բնապահպանական առաքելության կոմպետենտությունը, հետևաբար՝ իրական, հանրօգուտ արդյունավետությունը:
Իսկ Հայաստանի տնտեսական առողջությունը, ներդրումային գրավչությունն ու վարկն էապես և դրականորեն ամբողջանում են նաև այդ կարևոր գործառույթի կոմպետենտ և պատասխանատու առկայությամբ: Որովհետև ցանկացած ներդրող շահագրգռված է իր գործունեության՝ այդ իմաստով կոմպետենտ, պատասխանատու, լայնախոհ հանրային վերահսկողությամբ, հետևաբար՝ վստահելիության և պաշտպանվածության կայուն միջավայրով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ