Հայաստանը շահագրգռված է զարգացնել Ղազախստանի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով. ՀՀ նախագահ
Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը և շահագրգռված է զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն՝ Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը: ՀՀ նախագահն ասել է, որ իր այցը Հայաստանի և Ղազախստանի միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է:
«Հայաստանի և Ղազախստանի միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի այս հոբելյանական տարում կարող ենք փաստել, որ մեր պետությունների միջև ռազմավարական ուղղվածություն ունեցող համագործակցությունը զարգանում և ամրապնդվում է մեր ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ 2024թ. ապրիլին Ղազախստանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն իսկ նշվել է երկու երկրների փոխադարձ պատրաստակամության մասին՝ շարունակելու Հայաստանի և Ղազախստանի փոխշահավետ համապարփակ գործընկերությունը վստահության ոգով և փոխադարձ շահերի հաշվառմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարթակներում։ ՀՀ նախագահն ընդգծել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ և դինամիկ ջանքեր են գործադրում Ղազախստանի նախագահ՝ Հայաստան կատարած այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրված համատեղ հայտարարության դրույթների իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին երկու պետությունների միջև երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել՝ միաժամանակ շեշտելով, որ ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատանք կատարվի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար:
«Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրագործումը կարող է լիովին փոխել Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջաններում աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կապելով տարածաշրջանի երկրները երկաթուղային և այլ ճանապարհներով, մալուխներով, գազատարներով ու էլեկտրահաղորդման գծերով»,- ասել է ՀՀ նախագահն՝ ընդգծելով, որ այդ նախագիծը միտված է խթանելու նաև ավելի լայն տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու իրավասությունը և համաձայն հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:
Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է երկու երկրների առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը, և Երևանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։
«Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն, և այսօր մենք միասին մեկնարկ ենք տալիս Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք, հավատացած եմ, էլ ավելի կմոտեցնեն մեր ժողովուրդներին»,- եզրափակել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ղազախստան է ժամանել հոկտեմբերի 14-ին:Հեղինակ՝ Դավիթ Մամյան