Մղձավանջի եք վերածել մետրոյից օգտվողների կյանքը, ուզում եք մարդկանց գժվեցնե՞ք. Աբգարյանը՝ քաղաքապետին
Երևանի քաղաքապետարանն իր չհաշվարկված որոշումներով Երևանի մետրոպոլիտենից օգտվողների կյանքը մղձավանջի է վերածել` դարձնելով մետրոն շատ ավելի անհարմարավետ, քան ավտոբուսները։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։ Նա ընդգծեց, որ անձամբ օգտվում է թե՛ ավտոբուսներից, թե՛ մետրոյից։
«Ամեն անգամ, երբ հարցնում ենք, թե ինչու եք այս փոփոխությունները հիմա անում, ասում եք` քաղաքակիրթ վճարմանն անցնելու համար։ Պարոնա՛յք, այն, ինչ ես տեսնում եմ, բնավ քաղաքակիրթ ձև չէ։ Այդ QR կոդով կտրոնի ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում։ Սա, օրինակ, Փարիզի մետրոյի տոմսն է, որը գարդոնից է, փոքրիկ է, չի ճմրթվում, սա էլ Թբիլիսիի մետրոյի պլաստիկ քարտն է, որը հնարավոր է մշտապես լիցքավորել։ Սրանք քաղաքակիրթ վճարման տարբերակներ են, իսկ ձեր QR կոդով կտրոնը՝ ոչ։ Դուք այսօր չեք կարողացել ապահովել ո՛չ քարտով, ո՛չ անհպում վճարում։ Եթե հունվարից է այդ ամենը ներդրվելու, ինչո՞ւ եք հիմա մետրոյից օգտվողներին գցում այդքան հերթերի մեջ։ Այդ ապարատների մեջ անգամ թուղթ չկա, քանի անգամ է` գնում եմ Երիտասարդական մետրո, տերմինալները չեն աշխատում։ 4 կտրոն եմ ուզել, տվել են 1 կտրոն ու 3 ժետոն։ Սա քաղաքակիրթ ձև չէ, սա խայտառակություն է»,- ասաց նա։
Աբգարյանը հարց ուղղեց քաղաքապետարանի աշխատակիցներին` արդյոք իրենք նման փորձարկումներից առաջ ռիսկերը հաշվարկում են, արդյոք պլանավորում են, թե ինչը երբ պետք է ներմուծել։
«Ինձ մոտ տպավորություն է, որ քնում-զարթնում, որոշում եք կայացնում։ Համենայն դեպս, ձեր քայլերն այդ մասին են խոսում»,-ասաց նա։
Ավագանու անդամը կոչ արեց քաղաքապետարանին մտածել երևանցիների հարմարավետության, այլ ոչ թե որևէ ընկերության հավելվածը ներբեռնելու մասին։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավելի ուշ ճեպազրույցում հայտարարեց, որ մետրոյում տեղի ունեցած փոփոխությունները տրանսպորտային համակարգի կոլապսի չեն հանգեցրել.դրանք եղել են ժամանակավոր անհարմարություններ, որոնց համար իրենք ներողություն են խնդրում։
«Ես ամենօրյա ռեժիմով մետրոյի կայարանների առավոտյան և երեկոյան կուտակումներին հետևում եմ, և այն, ինչ կար առաջին մեկ շաբաթը, հիմա չկա։ Այո՛, դեռ կան մարդիկ, որ, օրինակ, չգիտեն, թե QR կոդը որտեղ պետք է պահել, բայց կան աշխատակիցներ, որ օգնում են, և այդ փոքրիկ կուտակումները շատ արագ հաղթահարվում են»,-ասաց նա։
Գրիգորյանն ընդգծեց, որ անհնար է մեծ փոփոխություններ իրականացնել առանց ժամանակավոր անհարմարության։ Կա՛մ պետք է ամեն ինչ գիտակցելով գնալ այդ փոփոխություններին, կա՛մ անվերջ վախենալ քննադատություններից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի մեկից Երևանի մետրոյում վճարումն արվում է ոչ թե ժետոնով, այլ QR կոդով, ինչը հերթերի պատճառ է դառնում մտարբեր կայարաններում։
Հավելենք, որ «TelCell»–ը տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։