Ի՞նչ համագործակցություն է առաջարկում ԵՄ-ն Ադրբեջանին՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեության շուրջ

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի քննադատություններին արձագանքելով՝ ԵՄ-ն հայտարարում է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հետագա համագործակցության։ «Ազատության» ադրբեջանական ծառայությանը Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հետագա համագործակցությանը։

Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն օրերս Բաքվում հանդիպել էր ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակության հետ, որն ավելի վաղ եղել էր ՀՀ-ում։ Վելիևն այդ հանդիպման ընթացքում բողոքել էր, թե Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը սահմանին «ավելի է սրում իրավիճակը»։

Նա հայտարարել էր, թե իբր Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, ինչպես նաև ՀՀ զինումը տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից, հանգեցրել են Հայաստանում «ռևանշիստական ուժերի» ակտիվացմանը, որոնք, ըստ նրա, խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար և «խոչընդոտում խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

ՀՀ տարածքում առաքելության շուրջ ԵՄ-Ադրբեջան տարաձայնությունների դիսկուրսի ֆոնին այսօր ուշագրավ հայտարարություն արեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե առաքելությունը տարածաշրջան է բերել թափանցիկություն, որը նույնպես շատ կարևոր է: «Նախքան այս տարվա ապրիլի 5-ը (2024 թվականի ապրիլի 5-ին կայացել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։- Ա.Մ.) Ադրբեջանը, շատ լրատվամիջոցներ մեզ մեղադրում էին, թե մենք իբր փորձում էինք սրել իրավիճակը, նոր ուժեր բերել սահմանի մոտ: ԵՄ առաքելությունը կարևոր դեր ունեցավ և, թափանցիկությունն ապահովելով, ցույց տվեց, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, ու հերքեց այդ կեղծ մեղադրանքները»,- այսօր ասել է Արմեն Գրիգորյանը՝ իհարկե, շատ լավ տեղյակ լինելով, որ Ադրբեջանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործունեության թափանցիկության վերաբերյալ նոր հարցեր է բարձրացնում և նոր դժգոհություններ ունի։

Կարդացեք նաև

Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, որը, ԵՄ պաշտոնյաների խոսքով, պարեկության մասին նախապես տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանին, պատրաստ է Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցության և Ադրբեջանի քննադատություններին արձագանքում է անմիջապես։ Թե ինչպիսի՞ համագործակցության մասին է խոսքը, և արդյո՞ք դա քննարկվում է ու քննարկվելու է հայկական կողմի հետ, հայտնի չէ։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հետ ՀՀ-ում ԵՄ դիտորդների հարցը քննարկելու նպատակը, թերևս, հենց այս խոսակցությունը բացելն էր։

Ըստ նրա, բնականաբար, Ադրբեջանը կցանկանա է՛լ ավելի մեծ հաշվետվողականություն, համագործակցություն ԵՄ-ի կողմից։

«Այս հարցերն անընդհատ պատահականորեն չեն բարձրացվում։ Կա հստակ նպատակ ու տեսլական, թե ինչ է ցանկանում ստանալ Ադրբեջանն այս «խոսակցության» արդյունքում։ Եվ ԵՄ-ն ընդառաջ է գնում՝ պատրաստ է է՛լ ավելի սերտ համագործակցության։ Բայց համագործակցություն ասելով՝ մենք կարող ենք շատ տարբեր ձևաչափեր հասկանալ։ Ադրբեջանն իր նմանատիպ անդրադարձներով ցույց է տալիս, որ չի վստահում այս առաքելությանը, որ այն հետախուզություն է իրականացնում, լրտեսում տարածքը և այլն, ուստի ԵՄ-ն պետք է փորձի հավելյալ ինչ-որ որոշումների միջոցով բարձրացնել կողմերի միջև վստահության մակարդակը»,- նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբանը։

Նրա կարծիքով, խնդիրն այն է, թե ՀՀ-ի համար որքանո՞վ է ընդունելի լինելու այդ համագործակցությունը, որքանո՞վ են կայացվելիք որոշումների հարցում հաշվի առնելու ՀՀ դիրքորոշումները։

«Ի վերջո, սա դիտորդություն է ոչ թե պարզապես ռեգիոնում, այլ ՀՀ տարածքում։ Անվստահություն հայտնելով Ֆրանսիային, ԵՄ դիտորդներին՝ Ադրբեջանը փորձում է ԵՄ-ի որոշակի հայամետ քայլերը հավասարակշռել և դրանց նկատմամբ ազդեցություն ստանալ։ ԵՄ-ն դրան դեմ չէ, քանի որ հաստատվելով ՀՀ տարածքում, հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ չէ և պարեկության գրաֆիկ է տրամադրում Ադրբեջանին։ ԵՄ-ն ու Ադրբեջանը կարող են շատ հարցեր քննարկել այդ ձևաչափում, սակայն կարևորն այստեղ ՀՀ դիրքորոշումն է, քանի որ այս ամենը ծավալվում է ՀՀ տարածքում»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս