
Ոստիկանությունը որոնում է վարորդին ու փայտանյութի տիրոջը

Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
«Պարեկների հաջորդ բացահայտումն արձանագրվել է Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն իրականացնելիս: Նրանք անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են ապօրինի շահագործվող «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա, որը բարձված էր շուրջ 6 խմ փայտանյութով: Մեքենան քարշակման միջոցով տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Միջոցներ է ձեռնարկվում՝ վարորդին և փայտանյութի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: