ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն ինչ անել Լիբանանում լայնածավալ պատերազմի կանխման համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել՝ Լիբանանում լայնամասշտաբ հակամարտության բռնկումից խուսափելու համար։ Այս մասին նա ասել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում։
«Այն, ինչ մենք տեսնում ենք Լիբանանում, լայնածավալ գործողություն է՝ զանգվածային ռմբակոծություններով, ակնհայտ է` նաև «Հեզբոլլահ»-ի կողմից…. Մենք տեսնում ենք ահռելի չափերի ողբերգություն։ Մենք պետք է ամեն ինչ անենք Լիբանանում լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտերեշի խոսքով՝ Լիբանանում հակամարտության հետևանքով սպանվածների թիվը կազմում է գրեթե 2000, մոտ 170 000 մարդ փախել է Սիրիա, իսկ տեղահանված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը։
Անտոնիու Գուտերեշը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա, որոնց հետևանքով կան վիրավորներ։ Նա ընդգծել է, որ նման միջադեպերը չպետք է կրկնվեն։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները և նպատակ ունի անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին բազմաթիվ արկեր է արձակում Իսրայելի վրա։