Բաժիններ՝

ՀՀ-ում ՄԱԿ Փախստականների գործակալությունը UWC Դիլիջանին գրքերի հատուկ հավաքածու է նվիրել

Հոկտեմբերի 5-ին, նշելով Միացյալ աշխարհի քոլեջների (UWC) և ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի  (ՄԱԿ ՓԳՀ) միջև համագործակցությունը Հայաստանում, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը UWC Դիլիջանի գրադարանին նվիրեց հատուկ գրքերի հավաքածու: Այս նշանակալի նվերը հանձնվեց դպրոցի 10-ամյակի տոնակատարության շրջանակում։

Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներ, UWC Դիլիջանի ուսանողներ, աշխատակիցներ, հոգաբարձուներ և բարերարներ: Գեղարվեստական և ակադեմիական գրականության այս նմուշների միջոցով UWC Դիլիջանի ուսանողները կսկսեն ավելի խորապես հասկանալ այն ծանր իրավիճակներն ու մարտահրավերները, որոնց միջով անցնում են բռնի տեղահանված մարդիկ, ինչպես նաև վերջիններիս դիմակայունությունը և ուժը՝ այդպիսով խրախուսելով նրանց օգնելու փախստականներին և ձեռնարկելու քայլեր որպես փոփոխությունների առաջամարտիկ։

Ողջունելով ներկաներին՝ UWC Դիլիջանի տնօրեն պարոն Ադամ Արմանսկին նշեց․ «UWC շարժումը փորձում է աջակցել փախստականներին և հակամարտության գոտիներից եկած երեխաներին իր ձևով՝ Միացյալ աշխարհի քոլեջներում կրթություն ստանալու հնարավորություն ստեղծելով այս երիտասարդների համար։ Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրում ընդգրկված ուսանողների շուրջ 5% փախստական, տեղահանված կամ քաղաքական հալածյալ են և օգտվում են 18 UWC դպրոցներից որևէ մեկում լրիվ կրթաթոշակով սովորելու հնարավորությունից։ Ուշագրավ է, որ Ուելսում բացված առաջին UWC դպրոցի հիմնադիրը Կուրտ Հանն ինքն էլ հալածանքների էր ենթարկվել և ստիպված էր եղել լքել իր տունը: Ուստի մենք պարտավոր ենք, որպես նրա ժառանգությունը շարունակողներ, ստեղծել կրթական հնարավորություններ այս երիտասարդների համար»։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու պարոն Կիրի Ատրին նշեց․ «Գրքերն օգտված են մեզ այլ վայրեր և ժամանակներ տեղափոխելու ուժով. գրքերի միջոցով հնարավոր է տեսնել ուրիշների ապրածը նրանց աչքերով, ովքեր անցել են այլ ուղիներ։ Այնպիսի հզոր պատմությունները, ինչպիսիք են «Օդապարուկ թռցնողը» և «Հուլունքե ժպիտով աղջիկը», ուսանողներին կօգնեն հասկանալ փախստականների պայքարը՝ նրանց մեջ զարգացնելով անտարբեր չլինելու և կարեկցելու ունակությունը։ UWC Դիլիջանի գրադարանում ստեղծված գրքերի բաժինը դուռ է բացում դեպի այս պատմությունները՝ օգնելով կամրջել տարբեր մշակույթներ ներկայացնող ուսանողների ըմբռնումների միջև առկա խզումը»։

UWC Դիլիջանի 2025 սերնդի աֆղան ուսանող Տուրֆա Մաժարը, ում շնորհվել է UWC հանուն փախստականների նախաձեռնության կրթաթոշակ, նշեց․ «Լիահույս եմ, որ կունենանք ավելի լավ աշխարհ, որտեղ ոչ ոք ստիպված չի լինի պայքարել իր իրավունքների համար: Վայր, որտեղ խաղաղություն ու սեր է տիրում բոլորի համար»։

Միջոցառումն ամփոփվեց գրքերի խորհրդանշական հանձնումով UWC Դիլիջանի համայնքի ներկայացուցիչներին։

Ընդհանուր արժեքների տասնամյակ. կրթություն և ներառում

2014թ հիմնադրվելուց ի վեր UWC Դիլիջանը վերափոխող կրթություն է առաջարկում ողջ աշխարհի երիտասարդների համար։ Հանդիսանալով բարեգործական նախաձեռնություն՝ դպրոցը հանձնառու է ընդունել ուսանողների բազմազան կազմ, ովքեր ներկայացնում են ավելի քան 80 երկիր: Նրանցից շատերը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ժամանում են հակամարտության գոտիներից։ Այս պահին դպրոցում սովորում է 13 ուսանող հակամարտության գոտիներից։
2016թ. մեկնարկեց UWC հանուն փախստականների նախաձեռնությունը, որը նպատակ ունի հայթայթել կրթաթոշակներ փախստական երեխաների համար։ Այս նախաձեռնությունը հոգեհարազատ է ՄԱԿ ՓԳՀ առաքելությանը, որն էլ աջակցում է UWC հանուն փախստականների նախաձեռնությանը համագործակցության համաձայնագրի ներքո՝ տրամադրելով փորձագիտական ուղղորդում և տեխնիկական խորհրդատվություն փախստականների հարցերի քաղաքականության վերաբերյալ և աջակցելով փախստականների համայնքներում և համապատասխան շահառուների շրջանում կրթաթոշակային ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը։

2016-2018 թթ. Միացյալ աշխարհի քոլեջները, գործակցելով Ավրորա մարդասիրականնախաձեռնության հետ, կրթաթոշակներ հատկացրեցին հակամարտության գոտիներից և փախստական ուսանողների համար՝ UWC ցանցի դպրոցներում, ներառյալ UWC Դիլիջանում սովորելու համար։
ՄԱԿ ՓԳՀ և Միացյալ աշխարհի քոլեջների համագործակցության օրինակ է Նուր Մուսսայի ուղին: Նուրը սուդանցի փախստական էր, ով բնակվում էր Լիբանանում: Նա հնարավորություն ստացավ կրթություն ստանալու UWC Դիլիջանում՝ Ավրորա մարդասիրական նախաձեռնության կողմից տրամադրված կրթաթոշակի շնորհիվ ։ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձրեց նրա տեղափոխությունը և բնակությունը Հայաստանում՝ տրամադրելով անհրաժեշտ իրավական կարգավիճակ, փաստաթղթեր և աջակցություն՝ իր կյանքը Հայաստանում վերակառուցելուհամար։

Կառուցելով կամուրջներ գիտելիքի միջոցով

ՄԱԿ ՓԳՀ կողմից նվիրաբերված գրքերի հավաքածուն արտացոլում է վերջինիս ջանքերը՝ ավելի լայնորեն իրազեկելու փախստականների ճգնաժամի վերաբերյալ և ընդգծելու բռնի տեղահանության հարցը հասցեագրելու համաշխարհային պատասխանատվությունը։ Պատմությունների, դեպքերի ուսումնասիրությունների և ակադեմիական տեքստերի միջոցով այս գրքերը հնարավորություն կտան UWC Դիլիջանի ուսանողներին առավել խորը հասկանալու հարկադիր միգրացիայի, հակամարտությունների լուծման և միջազգային մարդասիրական ջանքերին առընչվող համալիր խնդիրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս