Իսրայելի օդային հարձակումները ոչնչացրել են Իրանի Կարմիր մահիկի հիվանդանոցը Սիրիա-Լիբանան սահմանին
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիա-Լիբանան սահմանին գտնվող իր դաշտային հիվանդանոցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Կազմակերպության տնօրենը հայտնել է, որ հարձակումը ոչնչացրել է բուժհաստատությունը՝ շտապ օգնության մեքենաների, բժշկական պարագաների և սարքավորումների հետ միասին:
«Այնտեղ առկա էին պաշարներ, ներառյալ սնունդ, բժշկական պարագաներ և սարքավորումներ՝ հստակ նշված Կարմիր մահիկի դրոշներով», – ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը:
«Օդից և ցամաքից ակնհայտ էր, որ այդ վայրը նախատեսված էր առողջապահական ծառայությունների, շտապ օգնության և ժամանակավոր կացարանի համար: Ցավոք, այսօր վաղ առավոտյան այդ վայրը թիրախավորվել է սիոնիստական վարչակազմի կողմից: Ամեն ինչ ավերվել է», – հավելել է նա։
Գիշերն Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին, որի հետևանքով 22 մարդ է զոհվել։