«Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Հայաստանն այնպիսի երկիր է, որի ներքին քաղաքական զարգացումները և առհասարակ կյանքը շատ դեպքերում պայմանավորված է արտաքին գործոններով։ ՀՀ ներքին քաղաքականությունը շատ դեպքերում արտաքին ազդակների ածանցյալն է։
«Հայաստանի սուվերենության աստիճանը 2020 թվականի պատերազմից հետո թերևս գտնվում է ամենացածր մակարդակի վրա, և երկիրը փաստացի գտնվում է բազմաբևեռ արտաքին կառավարման ներքո։ Այս ամենը մենք տեսնում ենք մանավանդ ՀՀ ղեկավարության վարած արտաքին քաղաքականության մեջ, որովհետև հենց վերջին շրջանի զարգացումները, Մոսկվա այցը, որի շուրջ բավականին երկար խոսակցություններ կային, թե Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է, չի՞ գնալու, ինչի՞ համար է գնալու և այլն, արտահայտում է այդ ամենը։
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցը, գործողությունների հաջորդականությունը տիպիկ այսօրվա ՀՀ ղեկավարության վարած քաղաքականության ստերեոտիպն է։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա՝ հատուկ մասնակցելու Պուտինի ծնդդյան օրվան, նաև ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, մյուսից կողմից՝ չի մասնակցում երկու կարևոր փաստաթղթերի ստորագրմանը, որոնք արտացոլում են այդ հավաքի աշխարհաքաղաքական կոնտեքստը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Վիգեն Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ իշխանության վարած քաղաքականությունն այսպես է՝ առավոտյան արևմտամետ են, ցերեկը՝ իրանամետ, երեկոյան՝ ռուսամետ։
Այս համատեքստում քաղտեխնոլոգը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած իրարամերժ հայտարարությունները, որ «չի կարելի ՌԴ-ի կամ ՌԴ ղեկավարության մասին այսպիսի տոնով խոսել»։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս պրոռուսական մոտեցում, մի քանի րոպե անցնում է՝ բոլորովին այլ մոտեցում է ցույց տալիս։
«Սա գենից է ծագում, երբ քաղաքականությանն էլ է վերաբերվում գեղցու շուստրիությամբ և հույս ունենում, որ արանքում կպլստա։ Սա վերաբերում է նաև Արևմուտքին առհասարակ, միայն Ռուսաստանին չի վերաբերում, առհասարակ արտաքին քաղաքականությանն է վերաբերում։ Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հիմնական աշխարհաքաղաքական պրիորիտետը Թուրքիան է։ Դեռևս երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, մեր անվտանգության երաշխիքները մեր ռեգիոնում են։ Իսկ մեր ռեգիոնում անվտանգության երաշխիքներ կարող են տրամադրել նրանք, ովքեր կարող են, ռեալ ներկա են այստեղ, իսկ դա Ռուսաստանն է, Թուրքիան ու Իրանը, իշխանությունների պատկերացումներով՝ դա Թուրքիան է»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դե յուրե և դե ֆակտո հնարավորինս երկար մնա ղեկավար։ Հետևաբար՝ այն հանդիպումը, որը Նյու Յորքում տեղի ունեցավ «թուրքական տանը»՝ Նիկոլ Փաշինյանը համարում է իր անձնական հաջողությունը, որի ժամանակ նա կարողացավ ձեռք բերել իր «քաղաքական հորը»։
«Կեցվածքը, որն ընդունել է Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, Արևմուտքում դիտարկում են՝ որպես թուլության նշան, այդ պատճառով էլ մինչ վերջ նվաստացնում են։ Դիվանագիտական որևէ պրոտոկոլ չպահպանվեց, Էրդողանը Փաշինյանին չդիմավորեց։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության համար կռիվը սովորական պայքար չէ։ Կարծում եմ՝ նա համարում է, որ իշխանությունը պահպանելն իր ու իր շրջապատի անվտանգության միակ երաշխավորն է։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



