iPhone-ի բաղադրիչներ արտադրող հնդկական գործարանը անորոշ ժամանակով կանգ է առել

iPhone սմարթֆոնների բաղադրիչներ արտադրող Tata Electronics ընկերության գործարանում արտադրությունը անորոշ ժամկետով կդադարեցվի տեղի ունեցած հրդեհից հետո. այս մասին հայտնել են տեղի պաշտոնյաները:

«Հրշեջ մեքենաներ ենք տեղակայել գործարանում, քանի որ նոր բռնկումների կամ ծխի առաջացման հավանականություն կա, երբ հեռացվեն վթարի ժամանակ ընկած ծածկերը»,- Reuters-ին փոխանցել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մ. Վելուն՝ հավելելով, թե դեռ չեն պարզել հրդեհի պատճառը։

Հրդեհը բռնկվել էր նախորդ շաբաթ օրը վաղ առավոտյան Թամիլնադու նահանգում գտնվող գործարանում, ինչի հետևանքով 10 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ արտադրությունը դադարեցվել է:

Սա հերթական միջադեպ է, որն ազդել է iPhone-ի արտադրության համար Հնդկաստանում գործող մատակարարումների շղթայի վրա։ Գաղտնիք չէ, որ Apple-ը նպատակ ունի տեղափոխել իր iPhone-ի բաղադրիչների արտադրությունը Չինաստանից և Հնդկաստանը դիտարկում է որպես հիմնական այլընտրանք ու իր արտադրանքի գլխավոր շուկաների մեկը:

Ամերիկյան կորպոռացիան չի մեկնաբանել միջադեպը։ Tata Electronics-ը հայտարարել է, որ հրդեհի պատճառը հետաքննվում է, և որ գործարանում հաստատված աշխատանքի անվտանգության նորմերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել աշխատակիցների անվտանգությունը:

Գործարանն արտադրում է iPhone-ի հետևի պանելներն ու որոշ այլ բաղադրիչներ: Նույն համալիրի մեկ այլ շենքում մինչև տարեվերջ պետք է մեկնարկի iPhone-ների հավաքումը, սակայն դեռ պարզ չէ, թե որչափ է տուժել այդ շենքը:

Կիրակի գործարան այցելած Հնդկաստանի առողջապահության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Շիլպա Պրաբհակար Սատիշը Reuters-ին հայտնել է, թե այն «շատ ուժեղ է այրվել»:

«Շինությունը, տանիքը փլուզվում էին: Ոչ ոք չէր կարող ներս մտնել»,-  ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է նա:

165 միլիարդ դոլար գնահատված Tata Group-ի մաս կազմող Tata Electronics ընկերությունը Հնդկաստանում Apple-ի հիմնական մատակարարներից է՝ թայվանական Foxconn ընկերության հետ միասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031