Ռուսաստանի հետ հարաբերության տապալումը չի բխում Փաշինյանի շահերից. փորձում է հարաբերություններ կարգավորել. Գրիգոր Բալասանյան
ՀԱՊԿ-ը Հայաստանի ապագայի սպառնալիք համարող Նիկոլ Փաշինյանը երկու օր է՝ այդ նույն ՀԱՊԿ-ը գլխավորող երկրում է՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև շնորհավորելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
Այսօր կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն առաձնահատուկ ուշադրություն հրավիրեց Հայաստանի հետ ունեցած առևտրաշրջանառության ծավալներին։
«Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են բավականին արդյունավետ, հաջող: Նախորդ տարի առևտրաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ` հասնելով 8,2 միլիարդ դոլարի: Եթե նման տեմպերով շարժվենք, ապա դա նշանակում է, որ այս տարվա առևտրաշրջանառությունը կարող է կազմել 14-16 միլիարդ դոլար: Դա ռեկորդային ցուցանիշ է»,- ընդգծեց ՌԴ նախագահը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումներին մասնակցելու մասին, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նշեց՝ Փաշինյանի այցը Մոսկվա սպասելի էր։
«Հոկտեմբերին Վրաստանում կայանալու են ընտրություններ. մեծ հավանականությամբ, Վրաստանի ընդդիմությունը չի՛ կարողանալու վերցնել իշխանություն։ Վրացական իշխանությունները լավացնելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իրերի նման դասավորության պարագայում մեծ վտանգ կա, որ Հայաստանը կարող է հայտնվել այս տարածաշրջանում մեկուսացման մեջ՝ «սպիտակ ագռավի» կարգավիճակում, ուստի Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, որովհետև դրանց տապալումը չի բխում ոչ միայն հայ ժողովրդի շահերից, այլ նաև Փաշինյանի»,- ասաց Բալասանյանը՝ ընդգծելով՝ Մոսկվայում այսօր կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կողմերը հավատարիմ են մնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի օգնական Ուշակովի այն դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի սևագիր տարբերակը մեծամասամբ մշակվել է Ռուսաստանում, ապա, ըստ Բալասանյանի, դրանով ռուսական կողմն ուղղակի ասում է, որ սահմանագծում և սահմանազատում տեղի է ունենալու ռուսական Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։
«Իսկ ՀՀ այս իշխանությունները փորձում են քաղաքականությունն այնպես վարել, որ մի կողմից՝ չկտրվեն Ռուսաստանից, մյուս կողմից՝ անեն այնպես, որ Արևմուտքն այստեղ միանձնյա թելադրող չլինի։
Այնպես որ, Մոսկվայում մի հանդիպում ավել, մի հանդիպում պակաս, ըստ էության, որևէ բան չի որոշում Խաղաղության պայմանագրի ստորագրման տեսանկյունից, քանի որ արդեն ասվել է՝ պայմանագրի սևագրի մեծ մասը գրվել է Մոսկվայում»,- նկատեց միջազգայնագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։