«Որդիներս չկային, գոնե Արցախը կար, կարոտս Արցախից առնում էի, հիմա զրկված եմ այդ հնարավորությունից». Շուշան Սիմոնյան

2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրան հաջորդած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Արցախում բազմաթիվ ընտանիքներ ունեցան մեկից ավելի զոհեր, շատ ընտանիքներում իրենց որդիների զոհվելու կսկիծին չեն դիմացել ծնողները, որդիներին հուղարկավորելուց որոշ ժամանակ անց նրանք մահացել են։

2020 թվականին Հադրութի Թաղասեռ գյուղից բռնի տեղահանված 55-ամյա Շուշան Սիմոնյանը 1990–ականներից սկսած մեծ գին է վճարել Արցախը հայկական պահելու համար, սկզբում ամուսինն է պատերազմում ձեռք բերել հաշմանդամություն, հետո 2016 թվականի ապրիլյան պատերազմում ավագ որդին է զոհվել, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մահացել է միջնեկ որդին։ Տիկին Շուշանը միայն Արցախի կորստից հետո է զգացել այն մեծ վիշտը, որ որդիներն են տվել՝ նրանք զոհվել էին, որպեսզի Արցախը հայկական մնար։

Շուշան Սիմոնյանը 6 երեխաների մայր է, ունի 5 տղա, 1 աղջիկ. այսօր նա երեք որդիների հետ վարձով է բնակվում Հայաստանում։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Շուշան Սիմոնյանը վերհիշեց, թե ինչպես էր ավագ որդին՝ Նվեր Սիմոնյանը, 2016 թվականին մեծ մարտ մղել թշնամու դեմ՝ ամենավտագավոր դիրքերից մեկում, ու ռազմավարական նշանակության դիրքը պահել թշնամու ներխուժումից։ Ցավոք, այդ ամենը 26-ամյա Նվերի համար սեփական կյանքն էր արժեցել։ Որդու զոհվելը տիկին Շուշանը գիտակցաբար էր ընդունել՝ հասկանալով, որ որդին սեփական հայրենիքի համար է զոհվել։

«Ավագ որդուս զոհվելու լուրից հետո, ամուսինս ինֆարկտ ստացավ, նա 90-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ուներ։ 2019 թվականին այդ ցավին չդիմանալով՝ մահացավ։ 2020 թվականին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հադրութի գրավումից հետո մենք ստիպված դուրս եկանք Արցախից, ես եկա Երևան, միջնեկ որդիս՝ Տեր-Դրաստամատը, գնաց պատերազմ, կռվեց հնարավոր բոլոր տեղերում, ցավոք, վթարից զոհվեց։ Պատերազմից հետո շտապում էր՝ գար Երևան՝ հասկանալու համար, թե ես ինչ պայմաններում եմ ապրում իմ փոքր որդու հետ, ճանապարհին ռուս խաղաղապահների «Ուրալը» հարվածել էր տաքսուն, որի մեջ որդիս էր եղել։ Տեր-Դրաստամատս ավագ որդուս՝ Նվերի տարիքում զոհվեց՝  26 տարեկան էր»,- պատմեց մեր զրուցակիցը։

Շուշան Սիմոնյանի երեք որդիներից կրտսերը 12 տարեկան է, երկու չափահաս որդիներից մեկն ունի հաշմանդամության կարգ, Արցախում 90-ականների պատերազմում ականի պայթյունից ձեռքը վնասվել է, սակայն 44-օրյային կամավորագրվել ու մեկնել է մարտի դաշտ։ Իսկ 2016 թվականին էլ կարողացել է մտնել դիրքերից մեկը ու դուրս բերել ավագ եղբոր՝ Նվերի մարմինը։

«Փոքրս չէ, բայց երկու մեծ որդիներս ասում են, եթե մի բան լինի Արցախն ազատագրելու համար, մենք կգնանք, ես չգիտեմ՝ իրենց գնա՞լն է ճիշտ, թե՞ չգնալը։ Երկուսին արդեն տվել եմ։ Շատ ենք վիճում, ասում եմ՝ չեմ ուզում ինձ մենակ թողնեք, ասում են՝ մենք էլ չենք ուզում Արցախին մենակ թողնենք։

2020 թվականից հետո Արայիկ Հարությունյանն ինձ տուն էր տվել, ապրում էինք, որդիներս չկային, գոնե Արցախը կար, կարոտս Արցախից առնում էի, հիմա զրկված եմ այդ հնարավորությունից։ Թողեցի, տունս էլ երկրորդ անգամ թողեցի, Արցախն էլ թողեցի։

Հիմա Հայաստանի իշխանությունն ասում է՝ եկեք ձեր անձնագրերից հրաժարվեք, ՀՀ քաղաքացիություն ստացեք, որ ձեզ տուն տանք։ Այդ գնով ինձ տուն պետք չէ, ես վստահ եմ՝ մի օր վերադառնալու ենք Արցախ, որովհետև մարդն առանց սիրտ ու հոգի չի կարող ապրել, իսկ Արցախը մեր սիրտն է, հոգին»,- նշում է արցախցի կինը։

Նա վստահեցնում է՝ Արցախ չի գնա միայն մեկ դեպքում, եթե ստիպեն ստանալ Ադրբեջանի անձնագիր։

«Մենք միշտ անկախ ենք եղել ու այդ կարգավիճակով պետք է վերադառնանք Արցախ։ Մենք այդքան զոհ ենք տվել, այդքան մաքառել ենք, որ Ադրբեջանի անձնագիր ստանա՞նք, կամ Ալիևի լծի տակ ապրե՞նք՝ երբե՛ք, ո՞վ է Ալիևը, որ նրանից կախված լինենք, հիշեք՝ նախկինում ո՞վ էր Ալիևը։

Հիմա ես վարձով եմ ապրում, մի կերպ գոյատևում ենք, ո՞վ գիտի մեր տեղը, ՀՀ իշխանությունը մեր տեղը գիտի՞։ Ես չգիտեմ՝ մեր վերջն ի՞նչ է լինելու»,- եզրափակում է Շուշան Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս