Կառավարությունում չեն տիրապետում տնտեսական իրավիճակին, ադեկվատ չեն

Մինչ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այս տարվա հարկային մուտքերի հետ կապված արտառոց ոչինչ չի կատարվում, բյուջեի եկամուտների հավաքագրման ճեղքը գնալով խորանում է։ Ամեն ինչ գնում է նրան, որ ինն ամիսների արդյունքներով՝ մուտքերի աննախադեպ թերակատարում կունենանք. թերակատարումը կհասնի ընդհուպ 150 մլրդ դրամի։

Հիշեցնենք, որ կիսամյակի տվյալներով, պակաս էր հավաքվել 117 մլրդ դրամ։

Ինն ամիսների համար պլանավորված շուրջ 1 տրիլիոն 917 մլրդ դրամից ութ ամսում կարողացել են հավաքել 1 տրիլիոն 548 մլրդ դրամը։

Նախատեսված պլանը կատարելու համար անհրաժեշտ է, որ սեպտեմբերին հավաքեն 369 մլրդ դրամ։

Կարդացեք նաև

Այսինքն՝ ավելի շատ, քան կարողացել են հավաքել հուլիս-օգոստոսին միասին։

Հուլիսին հավաքել են 185,1 մլրդ դրամ, օգոստոսին ավելի քիչ՝ 175,4 միլիարդ։

Օգոստոսին նախորդ ամսվա համեմատ մուտքերը նույնիսկ շուրջ 10 միլիարդով պակասել են։ Նախորդ տարվա նկատմամբ ընկել է նաև աճի տեմպը։

Հարկային եկամուտների ինն ամսվա պլանը կատարելու համար սեպտեմբերի մուտքերը պետք է կազմեն 369 մլրդ դրամ։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, նշենք, որ անցած տարվա սեպտեմբերին հավաքվել էր 194 մլրդ դրամ։

Դատելով հարկերի հավաքման տեմպից, այս տարվա սեպտեմբերին լավագույն դեպքում կարող է հավաքվել 220 միլիարդ։ Մնացածը կկազմի ինն ամիսների թերակատարումը, ինչը չափազանց մեծ ճեղք է բյուջեի համար՝ կապ չունի, թե իշխանություններն ինչպիսի արդարացումներ կբերեն դրա համար։

Եկամուտները չհավաքելու ու այլ պատրվակներով ծախսերը չեն կատարում, ուշացնում են՝ Նիկոլ Փաշինյանն ասում է բյուջեում ճեղքվածք չկա։

Եթե ծախսերը չկատարեն, բնական է, ճեղքված չի լինի։ Բայց դա չի նշանակում, թե դրանով բյուջեի խնդիրները լուծվում են։

Միայն առաջին կիսամյակում ծախսերն ավելի քան 541 մլն դոլարով թերակատարել են։ Նախատեսել են կատարել, չեն կատարել։ Այդքան գումար, որը տարբեր ծրագրերի միջոցով պիտի մտներ տնտեսություն, չի մտել, այդ գումարի շրջանակներում նախատեսված ծրագրերը մնացել են օդում կախված։

Արդարացումներով, բնականաբար, բյուջեի եկամուտների թերհավաքագրման ճեղքը չի փակվելու, ու արդեն սկսել են բարձրաձայնել այն սեկվեստորի ենթարկելու, կրճատելու հարցը։ Դրանով փորձելու են քողարկել իրենց ձախողումները։ Չհավաքվող եկամուտները կփոխարինեն պահուստում եղած միջոցներով։ Չնայած դրանք էլ չեն բավականացնի այն ամբողջ բացը լրացնելու համար, որի առաջ կանգնեցրել են բյուջեն։

Զավեշտն այն է, որ այդքանից հետո մի բան էլ այնպես են խոսում, կարծես ուրիշներն են մեղավոր դրա համար։

Վերջերս Ազգային ժողովում բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ ֆինանսների նախարարը մի հոխորտալ էր հոխորտում՝ ասես իրենք չեն պատասխանատու բյուջեի պլանավորման ու կատարման համար։ Ասում է՝ վա՞տ է, որ ավել ենք պլանավորել, կարող էինք քիչ պլանավորել ու գերակատարել։

Իհարկե վատ է. Ֆինանսների նախարարությունը նրա համար չէ, որ շատ ու քիչ պլանավորի։ Դա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունում, մյուս գերատեսչություններում ու ընդհանրապես կառավարությունում չեն տիրապետում տնտեսական իրավիճակին, ադեկվատ չեն, ի վիճակի չեն ճիշտ հաշվարկներ ու կանխատեսումներ անել սպասվող զարգացումների վերաբերյալ։ Դրա համար բյուջեն բերել-կանգնեցրել են փաստի առաջ։

Փոխարենը՝ պատասխանատվություն կրի բյուջեի եկամուտները չկատարելու համար՝ ՊԵԿ նախագահն է պատճառաբանություններ բերում։ Երբ իր խնդիրը ոչ թե պատճառաբանություններ բերելն է, այլ բյուջեի եկամուտներն ապահովելը։ Եթե չի կարողացել ապահովել, նշանակում է՝ ձախողել է՝ ոչ մի նշանակություն չունի, թե դա ինչի հետևանք է։

Ասում է՝ ներմուծումները պակասել են, դրա համար են հարկերը քիչ հավաքվել։

Այնինչ՝ եթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրությանը, ներմուծումները բարձր տեմպերով ավելացել են։ Եթե պակասել են, ինչպե՞ս է պաշտոնական վիճակագրությունը 75-80 տոկոս ներմուծման աճ ցույց տվել։

Սա էլ, իհարկե, այլ խնդիր է, բայց դրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ։

Ներմուծումից գանձվող հարկերի նվազումը ՊԵԿ նախագահը կապում է առաջին հերթին ավտոմեքենաների ներմուծման կրճատման հետ։ Ասում է՝ նվազել է ավտոմեքենաների ներմուծումը։ Նախկինում ավտոմեքենաների ներմուծման մեծ բում է եղել, որն այս տարի չկա։

Այն բանից հետո, ինչ արեցին ավտոներկրողների հանդեպ, պարզ չէ՞, որ ներմուծումները պիտի պակասեին։ Այդ մասին ժամանակին էր պետք մտածել, երբ պարտադրում էին արհեստականորեն բարձրացնել ավտոմեքենաների իրացման գները, որպեսզի ավելի շատ հարկ գանձեն, արտահանման ԱԱՀ-ն հետ չէին տալիս, ստիպում էին հրաժարվել։ Ամեն ինչ արեցին, որ կտրվեին այս ոլորտից բյուջե մտնող հսկայական գումարները, հիմա էլ արդարանում են։

Թերակատարման մյուս պատճառը ՊԵԿ նախագահը համարում է ծխախոտի ներմուծման ծավալների նվազումը՝ կապված օրենսդրական փոփոխությունների հետ, որով պայմանավորված՝ ներմուծողներն ամեն ինչ արել են, որ անցած տարվա դեկտեմբերին մեծ ներմուծումներ ունենան։ Էլ չի ասում, որ այդ ներմուծումների արդյունքում է անցած տարվա բյուջեի եկամուտների թերակատարումն ավելի փոքր եղել։ Այլապես՝ շատ ավելին կլիներ, քան կար։

Շինարարությունն է պատճառ բերում, ֆինանսական հատվածի մուտքերի կրճատումը։ Այնպես է խոսում, կարծես նոր են իմացել այդ մասին։

Այդ բոլորը ժամանակին հայտնի էր ու ժամանակին էր պետք դրանց մասին մտածել։

Իրենց քաղաքական հետաքրքրությունները բավարարելու ու հասարակության շրջանում կեղծ սպասումներ ձևավորելու համար, արհեստական ուռճացրել են բյուջեն ու բերել-կանգնեցրել խնդիրների առաջ։ Այդ խնդիրների պատճառով էլ դրած քերում են տնտեսությանը, հարկային ճնշումներով ուզում են բյուջե լցնել։ Մոռանում են, որ դրա հետևանքները հետո են քաղելու՝ ինչպես հարկերի հավաքման, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսական առումով։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս