
Երևանում վարորդն իր «Kia»–ով ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. կա 1 զոհ, 3 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինն օգնության են հասել հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները։
«Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից 1-ը գիտակցության չգալով` մահացել է»,–գրում է կայքը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։