Թեհրանն Իսրայելի դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի վրա հարձակվելու հետևանքների մասին
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Իսրայելի դաշնակիցներին չօգնել նրան Իրանին հարվածներ հասցնելու հարցում:
Այս մասին հաղորդում է The Guardian-ը:«Եթե որևէ երկիր աջակցություն ցուցաբերի ագրեսորին, մենք նրան կհամարենք մեղսակից և օրինական թիրախ: Մենք երկրներին խորհուրդ ենք տալիս չներքաշվել իսրայելական վարչակարգի և Իրանի դիմակայության մեջ և հեռու մնալ մարտերից», – հոկտեմբերի 3-ին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում: Մինչ այդ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցությունների հերթական փուլն է անցկացնում՝ քննարկելով, թե ինչպես և երբ պատասխանել Իրանին Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակման համար:
Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ում Իսրայելի Դեսպան Դենի Դանոնը CNN-ին հայտնել էր, որ իր երկիրն Իրանին պատասխանելու բազմաթիվ տարբերակներ ունի, և որ Իսրայելը Թեհրանին շուտով ցույց կտա իր ուժը։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։