Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ
Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ում մի հոդված է գրել՝ «Վաշինգտոնի դատարանում թուրք բարձրաստիճան դիվանագետները մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի և խարդախության մեջ» վերնագրով:
Բոզքուրտը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան երկրորդ բարձրաստիճան դիվանագետ, առաքելության ղեկավարի նախկին տեղակալ Հուսնու Սինան Էրթայը և նրա կինը՝ դեսպանատան դիվանագիտական խորհրդական Անիլ Օզգե Էրթայը, «մեղադրվել են մարդկանց թրաֆիքինգի, խարդախության, անհիմն հարստացման, պայմանագրի խախտման և ԱՄՆ-ի աշխատանքային ու աշխատավարձի մասին օրենքների խախտումների մեջ»: Քաղաքացիական հայցը մայիսին ԱՄՆ Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել նրանց դայակը՝ Ֆիլիպինների քաղաքացի Շերոն Թոմաս Ագդիփանը: Եթե դատավորը համաձայնի գործը վարույթ ընդունել, ապա դատարանը կորոշի ամուսինների մեղավորությունը կամ անմեղությունը:
Թուրք դիվանագետները բնակվել են մեկ միլիոն դոլար արժողությամբ, 120 քառակուսի մետր մակերեսով առանձնատանը՝ դեսպանատան Պարկ Դրայվում գտնվող փակ համայնքում, Վաշինգտոնի Ուեսլի Հայթս թաղամասում: Նրանց դայակը հայտարարում է, որ «նրան հրապուրել են Ֆիլիպիններից Միացյալ Նահանգներ տեղափոխվել՝ աշխատանքի, արդար վարձատրության և սեփական սենյակի խոստումներով, բայց փոխարենը նա ենթարկվել է բռնի աշխատանքի»: Ըստ նրա փաստաբանների՝ «նա զգացական և ֆիզիկական տառապանք է կրել, զրկվել է կանոնավոր սննդից և առանձին ննջարանից, խիստ ցածր է վարձատրվել, նրան սպառնացել են արտաքսմամբ և հաճախակի ենթարկել բանավոր բռնության»։
Բոզքուրտը գրել է, որ «թուրքական դիվանագիտական համայնքի իր աղբյուրները, որոնք զրուցել են Nordic Monitor-ի հետ, զարմացած չեն մեղադրանքների առնչությամբ՝ վկայակոչելով Էրթայ զույգի բնույթն ու բնավորությունը:
«Տիկին Էրթայն իր գործընկերների շրջանում հայտնի է որպես դաժան անձնավորություն», ասել է աղբյուրը, որը ցանկացել է մնալ անանուն: Այլ աղբյուրներ պնդել են, որ նրա ամուսինն իր պաշտոնն ապահովել է արտաքին գործերի նախարարությունում հիմնականում իր հոր՝ անձնակազմի գծով պատասխանատու փոխգործնախարարի ազդեցիկ դերի շնորհիվ»:
Բոզքուրտը գրել է, որ «Ագդիփայի փորձությունները սկսվել են 2019 թվականի նոյեմբերին, երբ տիկին Էրթայը նրան աշխատանք է առաջարկել Վաշինգտոնում, սակայն, երբ Ագդիփան սկսել է աշխատել զույգի մոտ 2020 թվականի փետրվարին, նրա պարտականությունները տարածվում էին նրանց 5-ամյա որդուն խնամելու սահմաններից դուրս՝ ներառելով տնային տնտեսության տարբեր գործեր՝ մաքրությունից ու խոհարարությունից մինչև պարտիզպանություն»։
Բոզքուրտը հայտնել է. «Չնայած նրա պայմանագրով նախատեսված էր շաբաթական 35-ժամյա աշխատանքային օր՝ ժամը 14 դոլարով, Ագդիփան աշխատել է շաբաթական ավելի քան 80 ժամ և նրանից պահանջվել է բոլոր ժամերին սպասողական վիճակում մնալ՝ զույգի պահանջները բավարարելու համար: Նա ոչ մի փոխհատուցում չի ստացել արտաժամյա աշխատանքի համար, ինչը պայմանագրի պայմանների ակնհայտ խախտում է: Հայցում ասվում է, որ զույգն ստիպել է Ագդիփային վերադարձնել իր աշխատավարձի մի մասը՝ հրահանգելով նրան կանխիկ գումար հանել բանկոմատից և վերադարձնել իրենց… Զույգի համար 15 ամիս աշխատելու ընթացքում Ագդիփայից պահանջվել է վերադարձնել իր ընդհանուր աշխատավարձի մոտավորապես մեկ երրորդը, որը կազմում էր 9450 դոլար»։
Հայցում ասվում է, որ թուրք ամուսինները «դաժան են վարվել նրա հետ՝ վիրավորանքներ ու հայհոյանքներ գործածելով, վռնդելու սպառնալիքներով և հուզական ու հոգեբանական անհանգստություն պատճառելով: Նրան ասել են, որ աշխատանքային պայմաններից բողոքելու դեպքում իրեն կարտաքսեն երկրից»։
Ագդիփան պնդում է, որ հակառակ պայմանագրին, իրեն մերժել են կանոնավոր սնունդ տալ, թույլ չեն տվել ինքնուրույն պատրաստել իր սնունդը, մերժել են անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն տրամադրել և հիվանդության ժամանակ արձակուրդ տալ: Բոզքուրտն հաղորդել է. «Չնայած պայմանագրով նախատեսված էր, որ նա պետք է առանձին սենյակ և սնունդ ստանա, Ագդիփային հանձնարարել են քնել առանց պատուհանի նկուղում: Թուրքական առաքելության ղեկավարի տեղակալը կանոնավոր կերպով մուտք է գործել այս տարածք»։
2021 թվականի մայիսի 5-ին դայակը փախել է դիվանագետների տնից՝ թողնելով իր ունեցվածքի մեծ մասը։ Վաշինգտոնում Ֆիլիպինների դեսպանատան աշխատանքային հարցերով կցորդը, տեղեկանալով նրա իրավիճակի մասին, Ագդիփային ուղարկել է փաստաբանական գրասենյակ՝ նրան պաշտպանելու համար:
Փաստաբանական գրասենյակը ծանուցել է ԱՄՆ կառավարությանն այս գործի մասին այն բանից հետո, երբ Ագդիփան ցուցմունք է տվել իր կրած բռնությունների և հարկադիր աշխատանքի մասին: Սակայն մինչ օրս ԱՄՆ իշխանությունների կողմից դիվանագետների դեմ քրեական գործ չի հարուցվել։
Ագդիփայի փաստաբանների hայցում ասվում է, որ «Էրթայների գործողությունները՝ սկսած Ագդիփային հավաքագրելուց և նրան Միացյալ Նահանգներ մեկնել համոզելուց, մինչև արտաքսման սպառնալիքը և աշխատավարձը գողանալը, խախտում են բազմաթիվ օրենքներ… Ավելին, նրանց վարքագիծը, ենթադրաբար, կապված է պայմանագրի խախտումների, անհիմն հարստացման, հուզական անհանգստության միտումնավոր պատճառման և խարդախության հետ»:
2024 թվականի մայիսի 20-ին Ագդիփայի փաստաբանները՝ Օլամիդե Ս. Օրեբամջոն, Մելիսա Լ. Պատերսոնը և Էլիզաբեթ Ս. Ֆասիհը Վաշինգտոնի «Ջոնս Դեյ» փաստաբանական գրասենյակից, դատարանից պահանջեցին երդվյալ ատենակալների դատավարություն:
Հայտնի չէ, թե դատավորը ինչպես կվարվի այս գործով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք ամուսինները վերադարձել են Թուրքիա և վայելել են դիվանագիտական անձեռնմխելիությունը։
Բուզքուրտը հայտնել է, որ թուրք զույգն աշխատում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, Անկարայում։ «Պարոն Էրթայը ներկայումս ծառայում է որպես Արևելյան Ասիայի գլխավոր տնօրինության վարչության պետ», իսկ տիկին Էրթայը «Հյուսիսային Ամերիկայի գլխավոր տնօրինության վարչության ղեկավարն է»:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի