Ի՞նչ «բագաժով» է կառավարությունը մոտենում հաջորդ տարվա բյուջեի քննարկումներին
Օրերս կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է 2025թ. պետական բյուջեի նախագիծը։ Ֆինանսների նախարարը ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին։
Ամփոփելով խորհրդակցությունը, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում արված առաջարկություններն ու դիտարկումները:
2025թ. բյուջեի նախագծի ներկայացմանը քիչ ժամանակ է մնացել։ Սեպտեմբերի վերջին կառավարությունը պետք է հաստատի և Ազգային ժողով ուղարկի հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Մինչ այդ, սակայն, շատ կարևոր է, թե ինչ «բագաժով» է կառավարությունը մոտենում 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին, և ինչ սպասումներ կարող են ունենալ քաղաքացիները հաջորդ տարի։
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չի ասվում, նաև ցուցանիշներ չեն հրապարակվել, սակայն առանց դրա էլ շատ բան պարզ է։
Տնտեսական իրավիճակը Հայաստանում գնալով վատանում է։ «Համաշխարհային մակարդակի» երկնիշ աճերը դադարել են։ Եղած համեմատաբար համեստ աճերն էլ կրում են գերազանցապես արտաքին գործոնների ազդեցությունները։ Սակայն այդ ազդեցությունները գնալով թուլանում են՝ ճնշելով Հայաստանի տնտեսության երբեմնի բարձր աճերը։
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանում տնտեսական աճը նույնիսկ ավելի ցածր էր, քան կառավարության սահմանած 7 տոկոսը։
Ամեն ինչ տանում է նրան, որ տնտեսական աճի տեմպը մինչև տարեվերջ շարունակելու է վայրէջք կատարել։ Մինչև ո՞ւր կհասնի, պարզ կդառնա տարեվերջին։ Բայց մինչ այդ ակնհայտ է, որ այլևս անիմաստ է նախկին բարձր աճերի սպասումներ ունենալը։ Արտաքին գործոնները, որոնք վերջին երկու-երեք տարիներին դարձել էին Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժը, սկսել են նահանջել։ Դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների վրա առավել քան ակնհայտ է։ Բայց առավել մտահոգիչ է այն, թե ինչ տեղի կունենա մեր տնտեսության հետ, եթե այդ գործոններն ընդհանրապես դադարեն։
Մինչ կառավարությունը ձեռքերն էր տաքացնում դրսից տնտեսության վրա տեղափոխված արտաքին շոկերի վրա, իրական տնտեսությունը Հայաստանում հասցրել է բախվել ծանրագույն խնդիրների։ Տարված արտաքին պահանջարկով ձևավորված բարձր տնտեսական աճերով՝ կառավարությունն ընդհանրապես աչքաթող է արել իրական տնտեսությունը։ Իրական տնտեսությունը և հատկապես տնտեսության արտահանելի հատվածը մղվել է հետին պլան։ Ստեղծված անհարմարությունների ու խնդիրների հետևանքով՝ համատարած անկումներ են գրանցվում տնտեսության առանցքային ու կարևոր ճյուղերում։
Երբ արտաքին գործոններն ընդհանրապես դադարեն արտահայտվել Հայաստանի տնտեսության աճի ցուցանիշներում, կառավարությունը կհասկանա իրավիճակի ամբողջ լրջությունը։ Չնայած արդեն հասցրել է բախվել դրա առաջին ազդեցությունների հետ, որոնք ակնհայտ երևում են՝ ինչպես տնտեսական աճի տեմպի, այնպես էլ՝ բյուջեի ֆինանսական հոսքերի վրա։
Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումներին է մոտենում ծանրացած գործող բյուջեով ու բյուջեի եկամուտների հսկայական թերակատարմամբ։ Առաջիկա տարիների միջինժամկետ ծախսերի ծրագրում արդեն իսկ կառավարությունն ամրագրել է, որ այս տարվա բյուջեում 117 մլրդ դրամից ավելի եկամուտների թերակատարում կունենա։ Բայց դա ամրագրել է՝ ելնելով առաջին կիսամյակի փաստացի թերակատարումից։ Այժմ արդեն այս տարվա բյուջեի եկամուտների ճեղքը շատ ավելի մեծ է։ Միտումը պահպանվելու դեպքում՝ մինչև տարեվերջ այն կարող է հասնել ընդհուպ 200 մլրդ դրամի։
Բյուջետային եկամուտների այսպիսի հսկայական թերակատարման սպասումների պայմաններում է կառավարությունը մտնում հաջորդ տարվա բյուջեի ձևավորման ու քննարկումների փուլ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ կառավարությունն ի վիճակի չի լինելու հաջորդ տարվա համար եկամուտների մեծ աճեր ակնկալել, եթե, իհարկե, մինչ այդ չվերանայի ու չնվազեցնի 2024թ. եկամուտների ցուցանիշները՝ 2025թ. բյուջեում քաղաքացիների շրջանում աճի պատրանքներ ստեղծելու ակնկալիքով։ Բայց դրանով, իհարկե, չի կարողանալու թաքցնել բյուջեի ծախսային խնդիրները։
Երկու տարբերակ կա՝ սահմանափակել, այսպես կոչված, ծախսային աշխորժակը, որը պոպուլիզմով տառապող իշխանության համար այնքան էլ հեշտ չի լինելու, հատկապես, երբ առջևում ընտրություններ են, կամ պարտքերի հաշվին մեծացնել բյուջեի դեֆիցիտը՝ ծախսերն ավելացնելու համար։
Թե սրանցից ո՞ր տարբերակն է ընտրել կառավարությունը, շուտով կտեսնենք։ Բայց երկու դեպքերում էլ հնարավորությունները սահմանափակ են։ Կառավարությունն այնքան է ծանրաբեռնել պետական պարտքը, որ այն արդեն իսկ դուրս է թռել սահմանված նվազագույն չափանիշներից։
Հաջորդ տարվանից, ամենայն հավանականությամբ, կրկին կգործի բյուջետային «ոսկե կանոնը», որը սահմանափակում է պարտադրում ծախսային քաղաքականության մեջ ու զսպում է նոր պարտքեր ներգրավելու՝ կառավարության աշխորժակը։
Այս պայմաններում կառավարության ձևավորած բյուջեից անհնարին է նույնիսկ սոցիալական ակնկալիքներ ունենալը։ Հատկապես որ, որոշ ուղղություններով, մասնավորապես՝ պարտքի սպասարկման ու մարման առումով, առկա է ծախսերի պարտադրված ավելացման անհրաժեշտություն։ Դրանք փակելու համար, չի բացառվում, որ գնան որոշ ծախսերի կրճատման, նաև սոցիալական հատվածում։ Նման հիմքեր արդեն ստեղծում են՝ նպաստների համակարգը վերաձևելով ու գնահատման նոր չափանիշներ սահմանելով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ