
«Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու նոր ուղիներ ենք փնտրում». Միցոտակիս

Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա, անդրադառնալով Թուրքիա-Հունաստան հարաբերություններին, նշել է, որ դրանք լավացնելու նպատակով շարունակում են նոր ճանապարհներ փնտրել:
«Կլիմայական փոփոխությունների և միգրացիայի հարցում մեր ընդհանուր խնդիրների լուծման համար համագործակցելու էլ ավելի մեծ հնարավորություն կա: Մենք բաց ենք պահում մեր բոլոր կապի միջոցները՝ հնարավոր ամեն տեսակ լարվածությունը թույլացնելու նպատակով»,-հավելել է նա:
Բացի այդ, Միցոտակիսը հայտարարել է, որ երկու երկրների միջև ավելի քան 40 տարի տնտեսական խնդիրներ կան:
«Սակայն դա չի նշանակում, որ դրանք մնալու են չլուծված»,-հավելել է նա:
Հունաստանի նախագահը խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունների մասին, որոնց համաձայն՝ Հունաստանի և Թուրքիայի միջև առկա են ծովային որոշ հատվածների վերահսկողությունը հստակեցնելու հարցեր, որոնք, ըստ թուրք ղեկավարի, պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա:
«Հավատում եմ, որ այսօր հնարավորության պատուհան կա և մենք այս հնարավորությունը գնահատելու համար պետք է խիզախ և իմաստուն լինենք»,- եզրափակել է Միցոտակիսը: