«Իմ ցանկությունն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև զարգացումները կարգավորենք». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում «Թուրքական տանը» պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ Էրդողանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս իր տված ուղերձներում նշել է, որ ցանկանում է թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրագրողի՝ «Հանդիպման ընթացքում, հատկապես հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքը, հնարավո՞ր է կայացվեն որոշումներ, որոնք Թուրքիա-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ավելի առաջ տանեն» հարցին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը նշել է.

«Երբ նայում ենք հարգելի Փաշինյանի մոտեցմանը, նա բացասական տրամադրված չի երևում։ Մեզանից ցանկանում են, որ, որպես Թուրքիա, պահ առաջ ապահովենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որ հանգստության մեջ ապրեն որպես հարևաններ։ Մենք էլ, առանց այդ էլ, դա ենք ձգտում, դա ենք ջանում»։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս պահին Ադրբեջանը նման սպասում, ձգտում ունի ու Հայաստանի մեջ ևս դա տեսանելի է։ Թուրքիան կարծում է, որ ձևավորվելիք հանգստության և խաղաղության մթնոլորտը բոլորի համար լավագույնն է լինելու։

«Իմ ցանկությունն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս զարգացումները, տա Ալլահը, աստիճանաբար կարգավորենք, լուծենք, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա այս խնդիրները հաղթահարելու միջոցով արդեն ընկնենք հունի մեջ։ Քանի որ երկու կողմերն էլ իրականում կողմ են խաղաղությանը»,-շեշտել է Էրդողանը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությունը երկու երկրների համար էլ կբացի նոր հնարավորությունների և ձեռքբերումների դուռ։ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը ևս դրական ազդեցություն կկրի խաղաղության գործընթացի դրական հանգուցալուծումից։

Տեսանյութեր

Լրահոս