«Եթե մեր ազգի այս նսեմացումը շատ շարունակվի, վրիժառուներ են ծնվելու. այսքան նսեմացումը մարդուն գիժ է դարձնում». Իշխան Գևորգյան

44-օրյա պատերազմի մասնակից, «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի խոսքով՝ այս տարվա հունիսին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի ունեցած միջադեպից մի քանի օր անց, չի մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, քանի որ, ըստ նրա, պայքարը վերածվել է հների ու նորերի պայքարի, ինչը ձեռնտու է միայն ներկայիս իշխանություններին, քանի որ նրանք այստեղ միշտ հաղթող են դուրս գալու։

«Ես այս ամենը մեծ ցավով եմ ասում, բայց այդպես է, հետևաբար՝ այս ամենի հետևանքը լինելու է այն, որ այս իշխանությունը կրկին հաղթելու է, որ դրա գինն էլ մեր տղաների կյանքի գնով ամեն տարի վճարում ենք։ Ուղղակի իմ բախտը բերել է, որ ռումբն ինձնանից մի քիչ հեռու է ընկել, կամուրջը ուշ է քանդվել, բայց հաջորդ անգամ կրկին մի քանի հայորդի պետք է պատասխան տան մեր ընդհանուր երկրի իշխանության ապիկար վարքի համար։

Ցավոք, այս պահին ամեն ինչ շատ ավելի վատ է, այն պայքարը, որը կար նախկինում, այս պահին բոլորովին այլ բան է, իսկ նոր պայքարող կողմ դեռևս չի գեներացվել, որպեսզի դեմն առնի, թույլ չտա, որ ինչպես ուզեն, վարվեն մեր երկրի հետ, հեչ լավ բան չի սպասվում»,- 168.am հետ զրույցում նշեց Իշխան Գևորգյանը՝ անդրադառնալով իշխանությունների գործողություններին, Սրբազան պայքարին ու հնարավոր զարգացումներին։

Իշխան Գևորգյանն առհասարակ ցանկություն չունի մեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի որևէ խոսք. ասում է՝ ի՞նչ մեկնաբանի, երբ ընտրություններից առաջ այլ բան է ասել, իսկ ընտրություններից հետո այլ բան է անում։

Կարդացեք նաև

«Իրենց ուժն ասում էր՝ Հադրութն ու Շուշին հետ ենք բերելու, ստացանք Արցախի կորուստ, 2018 թվականին եկան մերժեցին Սերժին, ասելով՝ ալան-թալան է եղել, հետ ենք բերելու, հետ բերեցի՞ն։ Այս մարդկանց ներկայացրած ռազմավարությունն իրենց ներկայիս վարքի հետ առհասարակ կապ չունի, այդ ռազմավարության մեջ Արցախ բառն ավելի շատ է գրված, քան ամբողջ իշխանությունը վերջին մեկ տարվա ընթացքում արտաբերել է, այն էլ՝ պատահաբար։ Հիմա ես այդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ, ասեմ, որ իր ասած ապագան չի՞ լինելու։ Եթե ես մի բանը 10 անգամ ասեմ, դուք հաստատ դրա վերաբերյալ հարցը ինձ 11-րդ անգամ չեք տա, դրա համար հիմա հասել ենք հենց այդ 11-ին»,- շեշտեց Իշխան Գևորգյանը։

Նա չի կիսում կարծիքը, թե հայ ժողովուրդը ստեղծված իրավիճակի հետ համակերպվել է, ընդգծելով՝ ժողովուրդը կարծես էքսպերիմենտի զոհ է, քանի որ այս կարճ ժամանակահատվածում նրա գլխին այնքան աղետ է եկել, որ սովորական ազգերի գլխին այդ ամենը 100 տարվա ընթացքում է կատարվում։

«Մենք ազգ ենք, որ գաղթ է տեսել, իր հարազատի շիրիմն է քանդել, մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխել, տարիներով սպասել են իրենց հարազատի մասունքների վերադարձին։ Այս ազգը նաև գերիների հերոսացում է տեսել, հետո՝ հարկատուների հերոսացում, այսինքն՝ ինչ ասեք՝ տեսել է։ Առհասարակ երկիրը ղեկավարվում է լիդերներով, պատերազմներում հաղթում են նրանք, և այդ ամենը կազմակերպել է պետք, հիմա ինչպես «կազմակերպում» են, այդ արդյունքն էլ ունենք։ Ուղղակի մեր ժամանակներում անհատներին մնում է հերոսաբար ընկնել կամ չընկնել հերթական անհավասար մարտում։ Հիմա ես՝ որպես անհատ, լավագույն զենքն ունեմ, լավ մարզավիճակում եմ, բայց հասկանում եք, դրանով ես չեմ կարող Հայաստանը փրկել, որովհետև ինչպես ասացի՝ պետք է ամեն ինչ կազմակերպեն, կազմակերպող է պետք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Թե ինչո՞ւ գոնե անհատները չեն միավորվում՝ հարցին, Իշխան Գևորգյանը պատասխանեց՝ «աչքաչափով մի բան անելու արդյունքը հեչ լավ բան չի լինելու»։

«Մենք փորձեցինք ինչ-որ բան անել, բայց մեր փորձը քիչ էր, դրա համար ամեն ինչ գիտելիքով պետք է անես, ոչ թե աչքաչափով։ Սա նույնն է, որ հիմա մեկն ինչ-որ հիվանդություն ունենա, ես փորձեմ բուժել, ջանք կդնեմ, բայց սա արդյունք չի տա։ Մենք այս պահին այլընտրանք չունենք, որ գնանք կողքին կանգնենք, ասենք՝ քո հետ ենք, «գազ» տուր։ Քանի դեռ այդ առողջ տարբերակը չկա, անընդհատ պետք է արյունով ամեն ինչի պատասխանը տանք։

Ի՞նչ ասեմ, ինքներս մեր վարքով արժանացել ենք հողի հերթական կորստին ու հայերի կորստին, ինչպես արժանացել ենք 2020, 2021, 2023 թվականներին, իսկ 2024 թվականին սկզբին կորուստ ունեցանք ու մինչև այս պահը փորձում ենք «պլստալ»։ Այս տարի նաև մի «նորամուծություն» եղավ, որ մարդու տունը՝ կադաստրի վկայականով իրեն պատկանող, հանձնեցին-գնաց։ Դե հիմա այլ ավելի վատ բան է լինելու, քանի դեռ չենք կարողանում առողջ ինքնակազմակերպվել։ Ազնիվ պետք է լինենք, գուցե ես էլ եմ մեղավոր առողջ ինքնակազմակերպվել չկարողանալու համար»,- ասաց Իշխան Գևորգյանը։

Ինչ վերաբերում է սեփական նախաձեռնությամբ այս ամռանը ձեռնաշղթաներով միայնակ փողոց փակելուն՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդների, գերիների, և հարցին՝ եթե իշխանությունը որևէ բան չի անում Բաքվից գերիներին ազատելու համար, ՀՀ քաղաքացին առանց պետության աջակցության կարո՞ղ է որևէ բան անել, Իշխան Գևորգյանը պատասխանեց.

«Մենք կոչից այն կողմ չենք կարող գնալ։ Անկեղծ, եթե մեր ազգի այս նսեմացումը շատ շարունակվի, վրիժառուներ են ծնվելու, որովհետև այսքան նսեմացումը մարդուն գիժ է դարձնում։ Ազգեր կան, որոնք իրենց նսեմացման հետ չեն համակերպվում, ու նրանց զավակները դառնում են վրիժառու։ Այս ամենը մեր գլխին փորձանք է, չենք կարող մինչև վերջ նսեմանանք ու չգժվենք, մարտական ընկեր ունեինք, որը մահացավ, որովհետև այս ամենին սիրտը չդիմացավ։ Այս նսեմացումն իսկի Ալիևին ձեռնտու չէ։

Մենք՝ քաղաքացիներս, ի՞նչ կարող ենք անել, շատ-շատ հ/կ բացենք ու պայքարենք Բաքվում գտնվողների իրավունքների համար, ինչը ծիծաղելի է»,- եզրափակեց Իշխան Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս