Պուտինը փոխել է միջուկային զենք կիրառելու կանոնները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրի միջուկային դոկտրինի մի շարք դրույթների թարմացման մասին։ Թարմացումների թվում է միջուկային զսպման ենթակա պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիաների ընդլայնումը։
Այս մասին Պուտինը հայտնել է միջուկային զսպման հարցերով ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական նիստի ժամանակ։ Թարմացված փաստաթղթում ՌԴ նախագահը նաև առաջարկել է նշել, որ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ, պետք է դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս պահին միջուկային ուժերը մնում են Ռուսաստանի անվտանգության ամենակարևոր երաշխիքը, ուստի միջուկային դոկտրինը պետք է մշտապես հարմարվի փոփոխվող իրավիճակին։
«Մենք տեսնում ենք, որ ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակը դինամիկ կերպով փոխվում է, և մենք պետք է դա հաշվի առնենք, այդ թվում՝ Ռուսաստանի և մեր դաշնակիցների համար ռազմական սպառնալիքների և ռիսկերի նոր աղբյուրների ի հայտ գալը», – ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը։
Ելնելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակից՝ Վլադիմիր Պուտինն առաջարկել է դոկտրինում մի շարք պարզաբանումներ մտցնել միջուկային զենքի կիրառման պայմանների որոշման առումով։ Պետությունների և ռազմական դաշինքների ցանկի ընդլայնմանը զուգահեռ, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում, կընդլայնվի ռազմական սպառնալիքների ցանկը, որոնք անհրաժեշտ է չեզոքացնել։
«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անցնելու պայմանները նույնպես հստակ նշված են։ Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը, երբ ստանանք հավաստի տեղեկատվություն օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման և դրանց կողմից մեր պետական սահմանը հատելու մասին: Նկատի ունեմ ռազմավարական և մարտավարական ավիացիայի ինքնաթիռները, թևավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը, հիպերձայնային և այլ թռչող սարքերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Բացի այդ, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես Միութենական պետության անդամ։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ միջուկային դոկտրինում ներմուծվող բոլոր պարզաբանումները «խորապես ստուգված են» և համարժեք են Ռուսաստանի դեմ ժամանակակից ռազմական սպառնալիքներին ու ռիսկերին։
Վլադիմիր Պուտինը հունիսի վերջին հայտարարել էր Ռուսաստանի միջուկային դոկտրինում («Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում») փոփոխությունների մասին։ Միջուկային դոկտրինը վերջին անգամ խմբագրվել է 2020 թ. հունիսին։ Ընդ որում, ըստ «Կոմերսանտ»-ի, Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու չափանիշները չեն փոխվել։