Բաժիններ՝

Իսրայելի բարձրաստիճան հրամանատարը հայտնել է Լիբանանում հնարավոր ցամաքային գործողության մասին

Իսրայելի բանակի հրամանատարը հայտնել է, որ երկիրը պատրաստվում է Լիբանանում հնարավոր ցամաքային գործողության։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Սեպտեմբերի 23-ից իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի տարբեր թիրախների։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հրթիռներ է արձակում Իսրայելը հյուսիսի ուղղությամբ։ Խմբավորման հրթիռների մեկը հասել է նույնիսկ մինչև Թել Ավիվ։

Սեպտեմբերի 25-ին Իսրայելի հյուսիսային սահմանին գտնվող զորքերին դիմելիս երկրի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին հայտարարել է, որ Իսրայելի պատժիչ ավիահարվածները նախատեսված էին՝ «հող նախապատրաստելու ձեր հնարավոր մուտքի համար և շարունակելու թուլացնել «Հեզբոլլահ»-ին»։

The Associated Press-ը նշում է, որ նկատի ունենալով Թել Ավիվի վրա արձակված հրթիռը՝ Հալևին զորքերին ասել է, որ «Հեզբոլլահ»-ն ընդլայնել է իր հարվածների հեռահարությունը, և որ «նրանք կստանան շատ ուժեղ պատասխան»։ Իսրայելի բանակը վերջին օրերին հայտարարել էր, որ չի ծրագրում ցամաքային գործողություն սկսել Լիբանանում, բայց Հալևիի մեկնաբանությունները ենթադրում են, որ դա հնարավոր է։ 

Իսրայելը սեպտեմբերի 25-ին նաև հայտարարել է, որ երկրի հյուսիս կուղարկի երկու պահեստային բրիգադ, ինչը թույլ կտա շարունակել պայքարը «Հեզբոլլահ»-ի դեմ և ապահովել հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձն իրենց տներ։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մի շարք այլ դաշնակիցներ կոչ են արել 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս