Բաժիններ՝

Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից. տնօրեն

Արդեն 5-րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը։

Դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում, երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց հետ չի վերադարձել։

«5-րդ դասաժամն էր, ես փոխտնօրենի հետ միջանցքում էի, մի երեխա վազեց մեզ մոտ ու ասաց, որ Էլենը ընկավ։ Անմիջապես գնացինք, երեխան ընկած էր աստիճանների ներքևում։ Երեխան մի պահ աչքերը բացեց, ասեցի` լսում ես, գլխով արեց` այո, որից նա մի պահ ցնցվեց ու սկսեց չարձագանքել»,- ասել է տնօրենը։

Այս ընթացքում դպրոցից զանգել են նաև շտապ բուժօգնության ծառայություն ու երեխայի ծնողներին։

Նրան տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեխան մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 19-ին, Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Նրան Վեդիի ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է։

Այնուհետև Shamshyan.com-ը հայտնել է, որ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «UAZ» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, վերջինի մեջ եղել են ծնողները և նրանց հետ ևս մեկ անձ։

«Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ (մեկն UAZ-ի վարորդն է), նրանցից 2-ը երեխայի ծնողներն են։ Հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, դուրս է գրվել, մայրը` բժիշկների հսկողության ներքո է, վիճակը մոտ է բավարարին»,- Sputnik Արմենիային ասացին Վեդիի ԲԿ–ից։

Ավտոմեքենայում եղել է ևս մեկ անձ, բժիշկները կասկածել են գանգուղեղային վնասվածք, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ` հետագա հետազոտման։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս