Եթե անգամ Էրդողանը բարձրացնի «Զանգեզուրի միջանցքի» հարցը, վստահ եմ՝ Իրանի կողմից ստանալու է դիվանագիտական մերժում. Գրիգոր Բալասանյան
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Ի՞նչ օրակարգի շուրջ կարող է ընթանալ այս հանդիպումը, հնարավո՞ր է՝ Թուրքիան կրկին առաջ քաշի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկի շահագրգիռ կողմերից մեկի՝ Իրանի հետ, չքննարկելով այն մյուս կողմի՝ պաշտոնական Մոսկվայի հետ։
«Ինքս հեռու եմ այս մտքից։ Եթե անգամ Էրդողանը բարձրացնի այս հարցը, վստահ եմ՝ Իրանի կողմից ստանալու է դիվանագիտական մերժում։
Էրդողանը հանդիպելու է նաև Զելենսկու հետ, հետևաբար՝ տարածաշրջանային զարգացումների ֆոնին կարող է տեղի ունենալ այդ հանդիպումը։ Եթե լինեն բանակցություններ, հանդիպման օրակարգը, ըստ իս, լինելու են Հայաստան-Թուրքիա և Իրան-Թուրքիա հարաբերությունները՝ տարածաշրջանային զարգացումների ֆոնին, որովհետև Իրան-Թուրքիա հարաբերությունները միայն «Զանգեզուրի մրջանցքով» չեն պայմանավորված՝ կան հարցեր Սիրիայի ու Պաղեստինի հետ կապված։ Կարծում եմ՝ այստեղ Էրդողանը հերթական անգամ կփորձի Պաղեստին-Իսրայել հարցում միջնորդի դեր ստանձնել ու շատ թանկ վաճառել իր միջնորդությունը՝ գուցե Մասուդ Փեզեշքիանին համոզելով ազդել «Հեզբոլլահի» վրա Լիբանանի հարավում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չսկսելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հնարավոր նոր բանակցությունների փուլին, Գրիգոր Բալասանյանն ասաց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը փակուղի մտցրել է հենց Էրդողանը՝ առաջ քաշելով անիրականանալի պահանջներ, իսկ այժմ էլ այդ հարցը կապել է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
«Այս պահին չափից դուրս մշուշոտ է, որպեսզի մենք հավատանք, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, այդ պատճառով էլ կարծում եմ՝ այդ հարցին լուծում չի լինի։ Դրան գումարած այն, որ շատերը խոսում են Միացյալ Նահանգների միջնորդության մասին կամ նրա կողմից տրամադրվող հարթակի մասին, ամեն դեպքում ԱՄՆ-ում հեռացող վարչակարգ է, ուստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների նոր փուլի ականատես չենք լինի ընդհուպ մինչև դեկտեմբեր, մինչև նոր կառավարության ձևավորումը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Խոսելով խաղաղության պայմանագրում ներառված 17 կետերի մասին, որոնցից 13-ը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ համաձայնեցված են Ադրբեջանի հետ, 3 կետերը կիսով չափ են համաձայնեցված, իսկ 1 կետի շուրջ չեն հասել համաձայնության, Գրիգոր Բալասանյանը նկատեց՝ այդ 1 կետը վերաբերում է Անկախության հռչակագրից Արցախի հարցի դուրսբերմանը։
«Մեզ ՀՀ իշխանությունը կարող է ասել, որ ՀՀ-ում Սահմանադրության սպասվելիք փոփոխությունները կապ չունեն Ադրբեջանի հետ, բայց եթե այդ կետը կատարվի, ապա արդեն ակնհայտ կլինի Ադրբեջանի հստակ պահանջը։
Այստեղ կա նաև մեկ այլ մոտեցում՝ կիսատ-պռատ պայմանագիր չեն ստորագրում։ Հայաստանը պետք է ելնի հետևյալ դիրքերից՝ կա՛մ ստորագրում է ընդհանուր, կա՛մ չի ստորագրում, որովհետև համաշխարհային պատմության մեջ չկա դեպք, երբ կողմերը ստորագրեն պայմանագիր փուլերով և տարբեր կետերի ընդգրկմամբ»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։