ԻՀՊԿ-ն արգելել է հաղորդակցության սարքերի օգտագործումը Լիբանանում տեղի ունեցած հարձակումների պատճառով. Reuters
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարգադրել է իր բոլոր անդամներին դադարեցնել հաղորդակցության բոլոր սարքերի օգտագործումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի անվտանգության ուժերում իր բարձրաստիճան աղբյուրներին։
Այս քայլը պայմանավորված է օրեր առաջ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններով, ինչն առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ է դարձել։Աղբյուրներից մեկն ասել է, որ ԻՀՊԿ-ն լայնածավալ գործողություն է իրականացնում, որի շրջանակներում ստուգվում են բոլոր սարքերը։
Դրանց մեծ մասը հայրենական արտադրության են կամ ներկրված են Չինաստանից և Ռուսաստանից։ Ըստ գործակալության աղբյուրի՝ Իրանն իսրայելցի գործակալների, կամ Իսրայելի կողմից հավաքագրված իրանցիների հետ կապված մտահոգություններ ունի. սկսվել է անձնակազմի հանգամանալից ուսումնասիրություն, որը թիրախավորում է ԻՀՊԿ-ի միջին և բարձր օղակների անդամներին։
«Սա ներառում է նրանց բանկային հաշիվների ստուգումն ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում, ինչպես նաև նրանց և նրանց ընտանիքների ուղևորությունների պատմությունը», – ասել է պաշտոնյաներից մեկը։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանում պայթել էին «Հեզբոլլահ»-ի անդամների կամ նրանց հետ կապված անձանց հազարավոր փեյջերներ, իսկ սեպտեմբերի 18-ին՝ հարյուրավոր ռացիաներ, ինչպես նաև արևային կայաններ։
Լիբանանը և «Հեզբոլլահ»-ն այդ հարձակումները վերագրում են Իսրայելին, որը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս մեղադրանքները։