«Ոստիկանությունից ասում են՝ գործն ընթացքի մեջ է, սակայն շոշափելի արդյունքներ չկան». Արցախից բռնի տեղահանված ընտանիքի խնայողությունների գողությունը դեռ չի բացահայտվել

Մեկ ամսից ավելի է՝ իրավապահները չեն կարողանում բացահայտել, թե ով է գողացել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի ամբողջ խնայողությունը՝ գումարը և ոսկիները։

Գողությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Բաղրամյան 50/3 հասցեում գտնվող բնակարաններից մեկից, որտեղ բնակվում է Արցախից բռնի տեղահանված Ռենե Մովսիսյանի ընտանիքը։ Այդ օրը տանը որևէ մեկը չի եղել, երեկոյան երբ վերադարձել են, ննջասենյակի ամբողջ իրերը քանդած են եղել, Արցախում խնայած ու իրենց հետ Հայաստան բերած գումարն էլ տեղում չի եղել՝ ոսկեղենը, արծաթեղենը, նույնիսկ հասարակ զարդերը։

Ավելի վաղ 168.amի հետ զրույցում Ռենե Մովսիսյանը պատմել էր, որ օգոստոսի 5-ին միջոցառման են հրավիրված եղել, տանից դուրս են եկել ժամը 17։30-ին, վերադարձել՝ մոտավորապես ժամը 23։20-ին։ Բնակարանը, որը գտնվում է շենքի 2-րդ հարկում, խոհանոցին կից բաց պատշգամբ ունի, որն ունի երկաթե ճաղեր, տեսել են, որ կողպեքով փակած դուռը ջարդված է եղել, դուռն էլ՝ բաց։ Անմիջապես գնացել են ննջասենյակ, որտեղ պահում են ընտանիքի խնայողությունները՝ տեսել են՝ երկու ճամպրուկները քանդած, խնայողությունները դրված տեղում չեն եղել։

Ոստիկանությունից շտապել են հուսադրել ընտանիքին՝ ասելով, թե գործով հետաքրքրություն են իրականացնում։

Կարդացեք նաև

168.am-ն այսօր Ռենե Մովսիսյանից հետաքրքրվեց՝ որևէ նորություն կա՞ գործից, ի՞նչ են ասում ոստիկանությունից։

«Մենք երբ հարցնում ենք, ոստիկանությունից մշտապես ասում են՝ գործն ընթացքի մեջ է, սակայն ստույգ տեղեկություն չունենք, չկան շոշափելի արդյունքներ։ Առաջընթաց չկա, կամ գուցե կա, դեռ մեզ չեն ասում։

Իհարկե, չի բացառվում, որ այսպես շարունակեն, հետո այլևս որևէ բան չանեն։ Սակայն ոստիկանությունը մեզ հավատացնում է, որ իրենք էլ են շահագրգռված գողությունը բացահայտելու համար, քանի որ սա համարվում է ծանր հանցագործություն։ Եթե չբացահայտեն, իրենց աշխատանքի վրա էլ է բացասական անդրադառնալու»,- նշեց մեր զրուցակիցը։

Ռենե Մովսիսյանը վարձով է բնակվում, առայժմ վարձով բնակարանը չեն փոխելու, սպասում են, գուցե բնակարանը գործի փորձաքննության համար անհրաժեշտ լինի։ Երբ արդեն զգան, որ գործի համար այն պետք չէ, փոխելու են, քանի որ այդ գողությունից հետո երեխաները սթրես են ապրել, նույնիսկ ցերեկով միայնակ ննջասենյակ չեն մտնում՝ հիշելով օգոստոսի 5-ի երեկոյան տեսած տեսարանը։

«Մեզ ասել են, որ այս տարածքում վերջին տարիներին գողություն չի եղել, սակայն խոսում են առանձին դեպքերի մասին։ Օրինակ, հարևաններից մեկի տուն եկել են մարդիկ, ներկայացել՝ որպես որդու ընկերներ, երբ կինը խոհանոցում սուրճ է դրել, վերջիններս պատից վերցրել են նկարներն ու անհետացել են։ Մյուս հարևաններս էլ ասում են, որ շենքում երբևէ գողություն չի եղել։

Մենք պետք է հետևողական լինենք, որովհետև այդ խնայողությունները հեշտությամբ չենք ձեռք բերել ու նպատակներ ունեինք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս