Պրահայում կցուցադրվեն Լեռնային Ղարաբաղի թեմատիկայով ֆիլմեր

Պրահայի Skautský institut-ում սեպտեմբերի 30-ին կցուցադրվեն Հասմիկ Մովսիսյանի «250 կմ», Արման Այվազյանի «Քարը», Էմիլի Մկրտչյանի «Մայրենիք», Սաշա Քլամպի «Բլոկադա» ֆիլմերը, որոնք անդրադառնում են Լեռնային Ղարաբաղին։

Այս նախաձեռնությամբ հայ-չեխական ČARM կազմակերպությունը միանում է «Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ» նախագծին, որը նվիրված է արցախյան վերջին տարիների իրադարձությունների հիշատակին։

Ծրագիրը կյանքի է կոչվում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը ուսանողական հաստատությունների և տարբեր կառույցների հետ համագործակցությամբ Երևանում, մարզերում և սփյուռքում։

Չորս ֆիլմերը ցուցադրվում են ČARM-ի և PlatformDoc-ի համագործակցության շնորհիվ։

«Ուրախ ենք, որ Պրահայում ապրող հանդիսատեսի դատին կհանձնենք վերջին տարիների կինոնկարները՝ Արցախի մասին։ Այս թեմայի միջազգային տարածումը շատ կարևոր է մեզ համար, և նման միջոցառումների շնորհիվ մենք հանրության ուշադրությունը սևեռում ենք մեզ համար կարևոր այդ խնդրին»,-նշում է հայ-չեխական ČARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։

Տեսանյութեր

Լրահոս