Ճշմարիտ Եկեղեցու հատկությունները
Ա․ Եկեղեցու չորս նշաններով կարելի է լիովին ճանաչել ոչ միայն նորա ճշմարտությունն, այլև նորա էությունն ու հատկություններն, որոնց վրա ըստ երևույթին հարկ չկա առանձնապես խոսելու: Սակայն որպեսզի ճշմարիտ Եկեղեցու էությունը կատարելապես պատկերանա հավատացողի հոգու մեջ, անհրաժեշտ է գեթ մի ակնարկ ձգել նաև նորա հատկությանց վրա:
1. Եկեղեցին, մշտական հարաբերության մեջ լինելով Քրիստոսի ու Ս. Հոգու հետ, այլև յուր էությամբ նոցա հետ պայմանավորված լինելով, ոչ միայն անտեսանելի է, այլև միանգամայն տեսանելի է: Եթե եկեղեցին տեսանելի լիներ միայն, չէինք ասիլ «հաւատամք և ի միմիայն ընդհանրական և առաքելական ս. Եկեղեցի», վասնզի տեսանելին այլևս հավատալի չէ: Բայց որովհետև եկեղեցին միանգամայն և անտեսանելի է, ուստիև Հավատամքի մեջ խոստովանելու նյութ է դառնում: Եկեղեցին անտեսանելի է, վասնզի ժամանակով ու տարածությամբ, դիրքով ու կարգով իրարից բաժանված հավատացյալք, առաքելական հաղորդակցության մեջ մտնելով Քրիստոսի հետ, դառնում են նորա մարմինը. անտեսանելի է, վասնզի նորա անդրանիկներն ևս, մեզ անտեսանելի լինելով հանդերձ, մի անբաժանելի միություն են կազմում մեզ հետ. անտեսանելի է, վասնզի նորա գլուխը Քրիստոս այժմ անտեսանելի է, և եկեղեցու մեջ գործող աստվածային զորությունն ու շնորհն անտեսանելի է:
Սակայն եկեղեցին միաժամանակ և տեսանելի է, վասնզի տեսանելի է յուր հավատացյալներով, յուր առաքելական հաջորդություններով, գործերով ու կարգերով. տեսանելի է, զի Աստուծո արքայության տեսանելի հաստատությունն է այս աշխարհում. տեսանելի է, քանի որ Աստուծո զորությունն ու շնորհը տեսանելի կարգով բաշխում է հավատացյալներին: Եվ այս բնական է, վասնզի մարդ ինքն, որ փրկվում է եկեղեցու մեջ, թե՛ տեսանելի է և թե՛ անտեսանելի. տեսանելի է յուր մարմնավոր գոյությամբ, բայց անտեսանելի է յուր հոգևոր կյանքով և հավատքի վառքով: Հետևաբար Եկեղեցին թե՛ տեսանելի է և թե՛ անտեսանելի. ոչ թե ունի անտեսանելի մասն և տեսանելի ուրիշ մասն, այլ այն, որ տեսանելի է, միանգամայն և անտեսանելի է. տեսանելի է յուր առանձնական և արտաքին դրությամբ, իսկ անտեսանելի է յուր ընդհանուր ու ներքին հատկությամբ:
2. Եկեղեցին անսխալական է: Քանի որ Եկեղեցու ղեկավարությունը Ս. Հոգով է, և նորա կյանքը` Ս. Հոգու շնորհաբաշխությամբ, բնականաբար նա չի կարող սխալվել հավատքի վերաբերյալ բոլոր բարոյական ու դավանական խնդիրների որոշման մեջ: Եվ եթե եկեղեցին անսխալական չլիներ, չէր կարող անխախտ հարատևել ո՛չ նորա միությունը, ո՛չ սրբությունը, ո՛չ ընդհանրականությունն ու ո՛չ առաքելականությունը: Հետևաբար և եթե եկեղեցին շեղվի այդ չորս նշաններից, անշուշտ չի կարող պահել և յուր անսխալականությունն, որ պայմանավորված է առաքյալների հաջորդությամբ ու հաստատությամբ միայն: Սակայն հարց է հառաջ գալիս, թե քանի որ աստվածային ճշմարտությունները միանգամընդմիշտ շնորհված են եկեղեցուն, այլևս ի՞նչ կարիք պետք է լինի անսխալականության. մի՞թե կարող են նոր վճիռներ ու փոփոխություններ հառաջ գալ, որոնց համար կարևոր լինի և անսխալականությունը: Այս հարցն ինքնըստինքյան կլուծվի, եթե ի նկատի ունենանք հետևյալը:
Եկեղեցու մասին խոսելիս պարզեցինք, որ թեև առաքյալների քարոզածն ու ավանդածը մեկ է և անփոփոխ յուր բոլոր հիմքերով ու սկզբունքներով, այսով հանդերձ յուրաքանչյուր առաքյալի հիմնադրած եկեղեցին յուր տեղում յուր ազգին փրկարար լինելու համար ազգային է դառնում յուր բոլոր արտահայտիչ կերպավորությամբ: Այլապես նա չի կարող կապել ազգը Աստուծո հետ և բնականապես հաղորդ դարձնել դեպի փրկություն: Սակայն յուրաքանչյուր եկեղեցի ունի յուր ազգի հետ յուր պատմական կյանքն և նա նույնպես զարգանում է ըստ մարդկային հառաջադիմության, առ որ ձգտում էին և առաքյալներն աշխատությամբ ու նահատակությամբ (Եփ., Դ 13. Կող., Ա 10. Բ Պետ., Գ 18):
Բայց որովհետև աստվածային հայտնությունն և առաքելական կարգերն եկեղեցու մեջ անփոփոխելի և անքակտելի են, ուստի նորա այդ զարգացումը վերաբերում է ոչ թե ինքյան, այլ այն հարաբերության ու ներգործության, որով նա դաստիարակում ու կրթում է յուր ժողովուրդը: Այդպես տեսնում ենք, որ առաքյալների թղթերն իսկ ըստ ժամանակին, ընթերցողների և գործերի ընթացքին տարբեր ձև ու ոճ ունին, այսինքն` Աստուծո հայտնությունն ու յուրյանց կարգերը տալիս են այն ձևով ու ոճով, որ ամենից հարմար է լսողներին: Այսպես և միշտ անհրաժեշտ է հառաջադիմող հավատացյալների մեջ հաստատել աստվածային ճշմարտությունը ժամանակի նոր միջոցներով կամ նոր ձևով ու ոճով` առանց շեղվելու առաքելական սահմանից: Իսկ ընդհակառակն` նոր ժամանակը դարձնել հին կարգերի վրա, հետադիմել դեպի հետ և ոչ թե հինը դարձնել նորի վրա` ըստ աստվածային հայտնության ուղիղ տրամադրության, այդ արդեն մի ներքին անկարելիություն է, որի մեջ է բողոքականությունն (ինչպես խոստովանում են Դոռներ և այլք):
Եկեղեցին չի փոփոխվում, այլ զարգանում է ինքն ինքյան և յուր ժողովրդի մեջ արյուն ու մարմին դառնում ըստ ժամանակին: Նորա մեջ հերձված է լինում, որ ընտիրները նորոգապես երևան (Ա Կոր., ԺԱ 19): Նորա հավատամքն անփոփոխ է, սակայն «Քրիստոնեական վարդապետությունը» զարգանում է գիտության հառաջադիմության միջոցներով. նորա աստվածապաշտությունն անփոփոխ է, սակայն ըստ ձևին ու եղանակին կատարելագործվում է (ձայնագրություն և այլն). նորա ձեռնադրությունը միշտ միևնույն է, սակայն պաշտոնյաները պետք է ժամանակի գիտությունն ևս ունենան. նորա կանոնադրությունն անքակտելի է, սակայն դաստիարակչական միջոցն ու եղանակը ձևակերպվում է` ըստ պարագաներին ու հանգամանաց կամ ըստ ժողովրդի պատրաստության ու հասկացողության:
Արդ` ինչպե՞ս պետք է այս ամենի մեջ պահպանվին եկեղեցու չորս նշանները: Անշուշտ նորա անսխալականությամբ: Այդ խոստացավ Քրիստոս` տալով յուր եկեղեցուն ճշմարտության Ս. Հոգի: Ուրեմն և Քրիստոսի շնորհիվ ու Ս. Հոգու մշտական ղեկավարությամբ եկեղեցին անսխալ է յուր առաքելական հաջորդականության հիման վրա: Եկեղեցու վճիռն, որ տեղի է ունենում առաքելական հաջորդության հիմունքով, նոցա վարդապետության և ավանդության հավատարմությամբ և հանուն Հիսուսի Քրիստոսի ժողովական միաբանությամբ, անսխալ է հաստատապես, զի Ս. Հոգին միմիայն այդպիսի միաբանության մեջ է աջակից: Արդարև` անսխալական է և միմիայն Աստված. անսխալական է միմիայն այն գործն ու խոսքն, որ միաբան եկեղեցին կատարում է Աստուծո առաջադիմությամբ:
Հետևաբար անսխալականության երաշխավորություն է տալիս Քրիստոս յուր եկեղեցուն միմիայն այն գործերի մեջ, որոնք կկատարվեն ժողովով (մինչև անգամ երկու կամ երեք հավատացյալների միաբանությամբ), բայց հանուն յուր, այսինքն` երբ գործեն Քրիստոսի անվան փառավորության համար և նորա ու յուր առաքյալների պատվիրանների ու կարգերի համաձայն («որ ձեզ լսէ` ինձ լսէ») առանց որևիցե անձնական, կուսակցական և նյութական և որևիցե այլ շահախնդրության:
3. Եկեղեցին միակ փրկարար է. այսինքն` արտաքո Եկեղեցվո չիք փրկություն: Ինչպես որ փրկության ուխտը դրվեց Քրիստոսի ավետիքով, այնպես էլ հաստատապես հայտնվեց, որ միակ փրկությունն Աստուծո այդ ուխտով է: Նախապատրաստվող ժողովրդի մեջ միմիայն Սիոնն էր փրկարանն, որ կատարվեց Քրիստոսի մեջ, ու այդպիսով Քրիստոսի իսկական Սիոնը դարձավ հավատացյալի միակ փրկարանը: Ուստիև Քրիստոս նույնիսկ սկզբից որոշեց, որ միմիայն նա կփրկվի, ով կհավատա յուրյան, կմկրտվի և ապա կհաղորդվի կենարար մարմնին և արյան: Փրկության այդ հիմնաքարը պահեցին և առաքյալներն յուրյանց բոլոր քարոզության մեջ: Ավետարանելով ժողովրդին` նոքա առանձնացնում էին հավատացյալներին անհավատներից և ապականությունից ու խավարից տանում էին դեպի կյանքն ու լույս: Եվ որովհետև նոքա այս աշխարհից չէին և Քրիստոսինն էին, ուստի ամենքից ատվում էին, արտաքսվում էին ժողովարանից, և մինչև անգամ նոցա սպանումը մի աստվածահաճո գործ էր համարվում հրեաների մեջ:
Սակայն դոքա մեծ մեղքի մեջ էին, վասնզի Աստուծո Որդին ինքն էր արդեն քարոզել նոցա մեջ ճշմարտությունը, բայցևայնպես չէին հավատում (Հովհ., ԺԵ 22): Ուստիև նոր հոտ է կազմվում ճշմարիտ ու քաջ հովվի ներքո, որից ամենայն հավատացյալ փրկություն էր գտնում հաստատ և ապահովապես: Եվ մինչդեռ առաջ հրեաների մեջ էր սրբությունն, ու սուրբ պետք է լիներ Իսրայելը, քահանաները, զգեստ ու անոթները, տեղն ու խորանն և ամբողջ ժողովուրդը, այնպես և այժմ սուրբ են միմիայն Քրիստոսի ընտրյալներն իբրև Քրիստոսով սրբված և արդարացածներ, որոնք մկրտությամբ թոթափում են հինն ու զգենում նորը: Այսպիսով, Քրիստոսի եկեղեցին հայտնում է Աստուծո հայտնությունը, հավատացյալներին ընտրում է բազմությունից, մկրտությամբ մաքրում է, շնորհք բաշխում և քրիստոնեական գործունեության համար նոր կյանքի մեջ դնում: Ուրեմն և եկեղեցին, Աստուծո հաստատածը լինելով ու ճշմարտություն ու շնորհ պարգևելով, առաջնորդվում է Ս. Հոգով ու հավատացյալների մեջ սրբություն ու փրկություն իրականացնում. հետևաբար և նա է միակ փրկարարը (Եփ., Ե 23-27): Միմիայն նորանով կարելի է հաստատվել կենդանի և աստվածային վեմի վրա, հոգևոր տաճար դառնալ, անարատ քահանայություն ունենալ, սուրբ ժողովուրդ լինել ու սեփական ազգ, նվիրվել Աստուծո ու նորան հաճելի լինել կյանքով, գործով և աստվածպաշտությամբ: Հետևաբար և եկեղեցին Աստուծո միակ փրկարանն է աշխարհիս վրա մարդկանց համար, որով ամեն ոք կարող է Աստուծունը լինել և Աստուծո բոլոր շնորհները վայելելով` հանդերձյալ փառաց արժանանալ:
Սակայն նախընթաց երկու գլուխներում տեսանք, որ Քրիստոսի եկեղեցին իրականանում է աշխարհում առանձնականապես կամ անհատականապես և իրականացնում է Քրիստոսի փրկությունն յուր ազգի մեջ` ըստ նորա դարավոր ու բնական կյանքին, պատմության և ամեն հանգամանաց: Տեսանք, որ քրիստոնեությունը միմիայն այդպես յուրաքանչյուր մի ազգի սեփականությունը դառնալով է նորա կյանքի ու փրկության հիմնաքարը դառնում. այլև յուրաքանչյուր եկեղեցի ներկայացնում է Քրիստոսի եկեղեցին և Աստուծո արքայությունն, ուստիև յուրաքանչյուր եկեղեցի կարող է յուրայնոց համար ասել, որ յուրյանից դուրս չկա փրկություն: Յուրաքանչյուր եկեղեցի, ձգտելով և աշխատելով պինդ պահել յուր առաքելականությունը, սրբությունը, միությունն և ընդհանրականությունը` ըստ առաքելոց ավանդության և հաջորդության, մրցման մեջ է, անշուշտ, այլ եկեղեցիների հետ և հավատքով ջատագովում է յուր պատմական ճշմարտությունն այլոց ոտնահարությանց դեմ:
Նա բարեզարդում է յուր աստվածպաշտությունը, պայծառացնում է յուր հոգևոր կարգը բարոյապես և ուսմամբ, բազմացնում է յուր ճշմարտությունը քարոզողների թիվն յուր հոտի բոլոր խավերի մեջ ամեն աստիճանով ու վիճակով, զարգացնում է յուր վարդապետությունն ըստ ամենայնի և մատչելի դարձնում ամենքի մտքին, քաղցրացնում է յուր դաստիարակությունն և ամենքին վարում դեպի մի նպատակ և տարածում է յուր լույսն` որքան ընդարձակություն ու սահման է գտնում յուր շուրջը: Այս ամենով նա ցույց է տալիս, որ ինքն Աստուծո արքայության իրականացուցիչ գործոնն է, կենսունակ է և միակ փրկարար է յուր հավատացյալների համար անմոլար ընթացքով: Միմիայն այսպես կարող ենք ճանաչել մեր ճշմարիտ ճանապարհը, ընթացքը, նպատակն ու զարգացումը:
Սխալ ու մոլար կլինի` երբ մի եկեղեցի ոչ թե այս մտքով, այլ բացարձակապես ինքյան միակ փրկարար է ճանաչում և այլոց եկեղեցիների փրկարարությունն յուրյանց ժողովրդոց համար ուրանում. այս արդեն բղխում է եկեղեցու էության և մարդու հավատքի մասին թյուր կարծիք ունենալուց, որի հետևանքն է և քրիստոնյա-առաքելական եկեղեցիների փոխադարձ կրկնամկրտությունն, որ աններելի է` ըստ Ավետարանի պատվերին: Թե՛ Հռովմեական եկեղեցին ու թե՛ բողոքականք հավասարապես մեղանչում են, որ քարոզում են, թե միմիայն յուրյանց վարդապետությունն է փրկարար և եթ: Ըստ Լութերի և ըստ Կալվինյանց` իշխանները պետք է ուժով տարածեին յուրյանց քարոզությունը, ինչպես և հռովմեականք հավատաքննության արհավիրքները հնարեցին, և կամ ինչպես նոցա և այլ մարդորս միսիոնարները նյութական խոստումների խաբեությամբ և մարդկային հաճույքները շահելու հնարներով դավանակիցներ են որսում` հակառակ Քրիստոսի Ավետարանի ճշմարիտ ազատության սկզբունքին ու հոգուն:
Հայաստանյայց Ս. Եկեղեցին, իբրև հազար վեց հարյուր տարվա պատմական կյանքի եզրակացություն, ճանաչելով, որ յուրյանցից դուրս չկա փրկություն Հայի համար, երբեք նեղմտություն ու խավարամտություն չի ունեցել ուրիշ եկեղեցիների փրկարարությունն յուրյանց հավատացելոց համար ըստ նոցա հավատքին ժխտելու, թեև արիաբար կռվել է նոցա մոլորությանց դեմ, երբ այդոնք սպառնացել են մտնել յուր սուրբ փարախը: Մինչև անգամ Հայաստանյայց Ս. Եկեղեցու քաջամարտիկ ախոյաններից մեկը, խորտակելով յուր հակառակորդին, ավելացնում է. «Եւ զի՞նչ օգուտ է հաւատացելոց բանակռիւ լինել ընդ միմեանս եւ հակառակել ի հաւատսն: Այլ այս էր մեզ օգուտ` հաւատալ եւ խոստովանիլ, փառաւորել եւ երկրպագանել լռութեամբ եւ ամենայն հաւանութեամբ»: «Եւ մեք զմերս ոչ գրեցաք ընդ հակառակս ինչ, այլ սիրական յօժարութեամբ ծանուցանել մանկանց եկեղեցւոյ եւ ցուցանել զպատուիրանս աստուածաշունչ գրոց: Զի որչափ դուք զհայհոյութիւնդ սերմանեցիք, մեք առաւել հաստատեսցուք զուղղափառութիւն, եւ տացուք յօգնականութիւն մանկանց Եկեղեցւոյ սրբոյ, եւ ի պայծառութիւն սուրբ եւ ուղղափառ հաւատոյ Հայաստանեայցս աշխարհիս: Վասն զի ամրացեալ հաստատեսցին ի վերայ անշարժ հաւատոյ հիման Ս. Լուսաւորչին Գրիգորի եւ նորին զաւակացն, որք են լուսատու տանն արեւելից…»:
4. Քանի որ Եկեղեցին միակ փրկարար հաստատությունն է, որով Քրիստոս տանում է մարդկանց դեպի յուր փրկական փառաց կյանքը, պարզ է, որ նա հավիտենական և անպակասելի է, այսինքն պետք է հարատևի ու փրկագործե մինչև աշխարհի վերջը: Ինքնըստինքյան այս հետևում է թե՛ նորա չորս նշաններից ու թե՛ նորա էությունից և անսխալականությունից, վասնզի դոցա վրա է հաստատված Եկեղեցու կոչումն, այն է` Աստուծո արքայությունը լինել այստեղ և յուր հավատացյալներին արժանացնել Աստուծո արքայության խաղաղական փառքի վայելման: Այս հավիտենականությունը մարգարեացվել է նախքան Քրիստոս, և նույնը հաստատեց Քրիստոս յուր աշակերտների մեջ (Մատթ., ԻԸ 16):
Առաքյալներին անհրաժեշտ էր լսել այս ապահովացումը նույնիսկ Քրիստոսից, վասնզի յուրյանց գործունեության մեջ հանդիպելու էին մեծամեծ նեղությունների ու հակառակությանց, որոնցից նախազգուշացրեց նոցա դարձյալ Քրիստոս` բացատրելով և այդոնց կարևորությունը ճշմարտության զորացման համար: Նոքա գիտեին այս և յուրյանց կողմից զգուշացնում էին հավատացյալներին, հիշելով, որ հերձվածն անհրաժեշտ է ընտիրների պայծառության համար, զի ընտիրները պետք է աշխատեն նոցանից հեռանալ, զգուշանալ, ճշմարտության համար գործել, և ճանաչել ճշմարտության ու սրբության բարձր արժանիքը: Հետևաբար թե՛ հերձվածը, թե՛ ուրացությունը, թե՛ հակառակությունն և ամենայն թշնամություն ու հալածանք չեն կարող երբեք հարվածել Քրիստոսի եկեղեցու զորության և անպակասելիության: Ներոններ, Հուլիանոս ուրացողներ, հեթանոս պետություններ, աստվածուրաց ամբոխն ու այս աշխարհի գիտունները (Ա Կոր., Ա 20, 25, 27) չկարողացան և չեն կարող յուրյանց հնարած արհավիրքները զգալի դարձնել Քրիստոսի անհաղթելի Եկեղեցու համար:
Ընդհակառակն, մարդկային մտքի այդ բոլոր հնարներն և աշխարհային հակառակության ընդհարումները նոր ի նորո ապացույցներ են մատակարարում, որ աշխարհի իշխանությունը մարդու երջանկության համար չէ, Աստուծո հակառակ է և չի կարող բնավ հարատևել: Այլ միմիայն Քրիստոսի եկեղեցին է Աստուծո արքայությունը, մարդու երջանկարանն ու հավիտենական փրկարանը:
Բ. Ճշմարիտ առաքելական եկեղեցին կունենա և հիշյալ չորս հատկություններն, որոց հաստատության հիմք է կազմում առաջին հատկությունը: Ինչպես որ ճշմարիտ առաքելականությունից բղխում են եկեղեցու միությունը, սրբությունն և ընդհանրականությունը. ինչպես որ նորանցից բղխում են և եկեղեցու չորս հատկություններն, այնպես էլ նորա անսխալականությունն, փրկարարությունն և հավիտենականությունը բղխում են նորա տեսանելի և միանգամայն անտեսանելի լինելուց: Եթե մի եկեղեցի առավելապես ուժ է տալիս յուր տեսանելիության և ամենայն ինչ նորա վրա հաստատում, նա ընկնում է աշխարհային ընթացքի մեջ և պետական կազմակերպություն ստանում, կեդրոնացնելով իշխանություն ու գործունեություն յուր պաշտոնյաների ձեռքում հակառակ ժողովրդին, իսկ եթե անտեսանելիության է ուժ տալիս, ընկնում է ավերման մեջ, խառնաշփոթվում է և դառնում կամայականությանց շրջան: Առաջինը մի նվիրապետություն է և ոչ եկեղեցի, որտեղ ամենայն գործ իշխանության և մանավանդ իշխանապետի ձեռքումն է, և ժողովուրդը ներգործական մասնակցություն չունի Աստուծո արքայության գործում, այլ միայն կրավորական դեր է կատարում, իսկ երկրորդն անհատական մի ազատ դաշնադրություն է, որտեղ յուրաքանչյուր անհատ իշխան է և յուր գործի ու կամքի տերն է` ըստ յուր քմաց Աստուծո արքայության համար աշխատելու նկատմամբ: Առաջինը Հռովմեական եկեղեցին է, իսկ երկրորդը Բողոքականք են:
Հռովմեական եկեղեցին դարձել է գրեթե մի աշխարհային թագավորություն յուր ոչ թե հոգևոր, այլ մարմնավոր թագավորով, որ է Հռովմա քահանայապետը: Ըստ այսմ և ամբողջ եկեղեցական վարչությունն աշխարհական կառավարություն է, և ժողովուրդն անպայման հպատակությամբ ստորադրված է նորա «նվիրապետության»: «Նվիրապետության» ձգտումն է` կառավարել ժողովուրդը` խիստ հետևելով նորա ուղղության և պատժական միջոցները գերադասելով: Այս ձգտման սոսկալի արտահայտությունն է հավատաքննությունն, որ ամենայն ժամանակ սարսեցրել է հավատացյալներին և շարունակ գրգռել ժողովրդի հակառակությունը: Այս իհարկե հայտնի մոլորություն է և կատարելապես հակառակ է Աստուծո արքայության, որ հոգով ու ճշմարտությամբ, առաքինությամբ և ապաշխարությամբ է, Քրիստոսի հավատքով ու սիրահոժար անձնվիրությամբ է իրականանում ժողովրդի մեջ ու հաստատվում և ոչ թե բռնությամբ ու մարմնապես, կռվով ու հալածանքով: Այսպիսի մարմնավոր կազմակերպությունը կամ նվիրապետությունն արհամարհեց Քրիստոս նույնիսկ այն ժամանակ, երբ անարդարությամբ նորան դատում ու խաչ էին բարձրացնում. «Իմ արքայութիւն չէ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէին արդեօ՞ք զի մի մատնեցայց Հրէից, բայց արդ` թագաւորութիւնն իմ չէ աստի» (Հովհ., ԺԸ 36):
Բողոքական եկեղեցին էլ, խորշելով հռովմեականների այս դատապարտելի ու ակնհայտնի մոլորությունից, կարողություն կամ հանգիստ խոհականություն չունեցան խոտանը քերելու և քրիստոնեականը պահելու, այլ ընդհակառակն` վրեժխնդրությամբ ճշմարտությունն էլ արհամարհեցին` մերժելով ոչ միայն պապական իշխանությունն ու նվիրապետությունն, այլև մինչև անգամ հոգևոր կարգն ու եկեղեցու էությունը: Այդպես նոքա, խորտակած համարելով հռովմեական բռնությունը, քարոզում են, որ իբր թե եկեղեցին անտեսանելի է, ազատ է արտաքին ամեն տեսակ պայմաններից և հավատացյալներն առանց մի որևիցե տեսանելի միջնորդության ստանում են Ս. Հոգուց աստվածային շնորհներ: Բոլոր հավատացյալներն էլ հավասար են, և ոչ ոք չգիտե, թե ինչպես է Ս. Հոգին շնորհներ բաշխում յուր հավատացյալներին. «Զի հողմն ուր կամի` շնչէ, եւ զձայն նորա լսես, այլ ոչ գիտես ուստի գայ կամ յո երթայ. սոյնպէս եւ ամենայն ծնեալն ի Հոգւոյն» (Հովհ., Գ 8), իսկ այն եկեղեցին, որ տեսնում ենք, ոչ թե եկեղեցի է, այլ մի պատահական ժողով է և լոկ մարդկային է:
Պարզ նկատելի է, որ բողոքականք ակներև հակասությանց մեջ են ընկնում, վասնզի չեն կարողանում ասել, թե ի՞նչ է և ինչպես է այդ երևակայական անտեսանելի եկեղեցին, ըստ որում և իսկապես չկա մարդկանց համար, քանի որ յուրաքանչյուր ոք միմիայն երևակայությամբ կամ աներևութապես է պատկանում այդ աներևույթ եկեղեցուն և ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե ինքը վայելո՞ւմ է Ս. Հոգու շնորհները, թե՞ ոչ: Բայց նոքա ընդունում են և տեսանելի եկեղեցու արտաքին երևույթները, այն է` Ավետարանը, մկրտությունն ու հաղորդությունը: Սակայն երբ տեսանելի եկեղեցի չկա, այլևս ինչպես կարող են անտեսանելի եկեղեցու արտահայտություններ լինել: Կամ մի՞թե կարող են սուրբ խորհուրդները լինել մարդկային պատահական ժողովում: Կամ ինչի՞ համար են դոքա, երբ մարդ ո՛չ արտաքին միջոցների կարոտություն ունի յուր փրկության համար և ո՛չ կարող է գիտենալ, թե ինքը փրկվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ եթե եկեղեցին պատահական է, ինչպես Քրիստոս թույլ տվավ, որ յուր կարգադրած ս. խորհուրդները պատահականության մեջ գործադրվին: Բայց թողնենք այս հակասությանց թվելը:
Եկեղեցին ո՛չ լոկ տեսանելի է և ո՛չ սոսկ անտեսանելի, ինչպես դավանում է Հայաստանյայց Ս. Եկեղեցին. նա թե՛ տեսանելի է և թե՛ անտեսանելի: Տեսանելի է, զի Քրիստոս այդ հաստատեց մարդկանց փրկության համար տեսանելի կերպով, տեսանելի է նորա ս. խորհուրդների կատարումը, տեսանելի է լինում աստվածային քարոզությունն, և տեսանելի է նորա հոգևոր Ս. Կարգը: Իսկ անտեսանելի է, զի անտեսանելի է նորա կառավարիչ գլուխը` Քրիստոս, անտեսանելի է Ս. Հոգու կենդանարար շնորհաբաշխությունը, անտեսանելի են նորա երկնավոր անդամները, անտեսանելի է Աստուծո հրաշագործությունը մարդկանց հոգիների մեջ, և անտեսանելի է փրկագործության ներքին խորհուրդը: Սակայն ոչ թե առանձին-առանձին տեսանելի և անտեսանելի եկեղեցիներ կան, այլ միևնույն եկեղեցին թե՛ տեսանելի է և թե՛ անտեսանելի: Մինչդեռ բողոքականք, մերժելով այս ճշմարտությունն, ելնում են եկեղեցու շրջանից, և յուրաքանչյուր ոք ինքնուրույն մտածողության մեջ է սուզվում ու բանապաշտության նվիրվում. եկեղեցին այնուհետև կորցնում է յուր նշանակությունն, ինչպես և կորցրել է նոցա մեջ:
Բողոքականների մոլորությունը պարզ հակառակություն է և Քրիստոսի կարգադրության: Քրիստոս 40 օր շարունակ երևեցավ առաքյալներին, խոսեց յուր արքայության մասին (Գործք, Ա 3), թե ինչպես պետք է կազմակերպեին, պատվիրեց յուր առաքյալներին` քարոզել ժողովրդին յուր պատվիրանները (Մատթ., ԻԸ 19, 20), մկրտել նոցա (ԻԸ 19), հաղորդության Ս. խորհուրդը կատարել (Ղուկ., ԻԲ 19) և առհասարակ առաջնորդել նոցա դեպի փրկություն (Հովհ., Ի 21): Ուստիև առաքյալներն ասում են, որ յուրյանց իրավունքն է` քարոզել Ավետարանը, ս. խորհուրդները կատարել, առհասարակ Քրիստոսին ծառայել, ինչպեսև Քրիստոսի առաքյալ են կոչվում և Քրիստոսից ստացել են յուրյանց պաշտոնն, իշխանությունն ու եկեղեցիներին պատվերներ տալու իրավունքն առհասարակ: Նոքա իբրև Նոր Ուխտի պաշտոնյաներ որոշ կարգեր դրին ու կազմակերպություն տվին Քրիստոսի հաստատության: Նոքա, ըստ Քրիստոսի պատվիրանին, պետք է այնպես կարգավորեին եկեղեցին, որ մնար հավիտյան: Ուստիև նոքա, քարոզելով Փոքր Ասիո քաղաքները, հիմնում էին եկեղեցիներ և ոչ թե թողնում էին, որ նոքա ինքյանք կազմակերպվեին, այլ ձեռնադրում էին երեցներ եկեղեցիների համար, հեռանալիս էլ ձեռնադրում էին հասկացող եպիսկոպոսներ, ինչպես Տիմոթեոսին ու Տիտոսին, պատվիրելով նոցա ձեռնադրություններ անել ու երեցներ կարգել եկեղեցիներում:
Այդ ձեռնադրվածներն էին հավատացյալների հովվող ու կառավարողները, որոնց և հրամայված էր քարոզելու, քահանայագործելու և հավատացյալներին հովվելու: Թեև մենք բոլորս էլ քրիստոնյա ենք և Քրիստոսով Աստուծո պաշտոնյա ենք մեր հավատքի և առաքինության մեջ, այսով հանդերձ Քրիստոսի կարգադրությունն է, որ մեր փրկագործությունն իրականանա յուր հատուկ պաշտոնյաների միջոցով կամ ծառայությամբ: Նա պաշտոնյաներ դրավ «ի հաստատութիւն սրբոց, ի գործ պաշտաման, ի շինուած մարմնոյն Քրիստոսի, մինչեւ հասցուք ամենեքեան ի մի միաբանութիւն հաւատոց գիտութեան Որդւոյն Աստուծոյ, յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի»` ըստ Հին Ուխտի նախատիպ քահանայական ազգին և առանձին պաշտոնյաների կարգին: Այդ քրիստոսյան պաշտոնյաների գործակցությամբ մենք կարողանում ենք և մեր անձի համար աղոթել Աստուծո առաջ ու սուրբ և քահանայական ազգ դառնալ Քրիստոսի փրկարանում ու միանալ նոցա քահանայագործության հարակից շնորհներով Քրիստոսի հետ: Եվ Քրիստոս իբրև ճշմարտություն ասաց, որ յուր եկեղեցին պետք է հավիտյան անհաղթելի մնա, ինքը միշտ կլինի Ս. Հոգով նորա հետ հավիտյան, և եկեղեցին չի կարող ուրեմն կորցնել յուր առաքելական կազմակերպությունն յուր էությամբ:
Ակնհայտնի է, որ բողոքականք ուղղակի մոլորվում են առաքելական շավղից, հակառակում են Ս. Գրքի վարդապետության և ուրեմն խաբեական աղանդ են կազմում քրիստոնեության մեջ:
Գ. Խորշելով այս ծայրահեղություններից էլ` Հայաստյանյայց Ս. Եկեղեցին հետևում է յուր առաքելական ընթացքին հավատարմությամբ: Նա յուր աստվածպաշտական մասին արտակարգ նշանակություն չէ տալիս առանց էական ներքին խորհրդի, այլ նորա աստվածպաշտությունը պարզ և հատուկ արտահայտություն է քրիստոնեական ազգային հարազատ խորհրդոց և զգացմանց: Նա յուր հոգևոր ս. կարգին բացարձակ առանձին դիրք չէ տալիս, այլ վերապահելով նորան առաքելական ձեռնադրության շնորհը, միաժամանակ չէ ջոկում յուր հոտից, այլև շնորհաբաշխական սահմանից դուրս ամեն մի եկեղեցական գործում թե՛ եկեղեցականին ու թե՛ աշխարհականին հավասարապես ծառայեցնում է փրկության և նորա սպասավորության նպատակին: Նա յուր կանոնական ու վարչական գործերում ևս ի նկատի ունի ոչ թե լոկ իշխանությունն ու կանոնական սահմանն, այլ դոցա իրավանց անխախտելի պահպանությամբ հանդերձ` դաստիարակում է յուր ժողովուրդն Ավետարանի քաղցր ձայնով ու ողոքանքով: Ուրեմն նա լիակատար հավասարակշռություն է պահում յուր տեսանելի և անտեսանելի էության բոլոր պարագաների մեջ` ըստ առաքելական ճշմարիտ ընթացքին:
Քանի որ Հայաստանյայց Ս. Եկեղեցու էությունն ու կյանքը պայմանավորված է նորա ս. Հայրերի վարդապետությամբ, հարկ է հառաջ գալիս որոշել այն ընդհանուր սկզբունքներն, որոնք այդ վարդապետության հիմնական կետերն են և բնորոշում են իր մեծ Եկեղեցու հատուկ ընթացքը:
Ինչպես տեսանք Հայաստանյայց Ս. Եկեղեցին ո՛չ լոկ մարմնավոր է և տեսանելի և ո՛չ լոկ հոգևոր է և անտեսանելի, այլ երկուքի միությունն է, ըստ որում և նորա առաջին սկզբունքն է, որ նորա ներքինն ու արտաքինը իրար համապատասխան լինին: Այս նշանակում է, որ Հայաստանյայց Ս. Եկեղեցին յուր ներքին կյանքով արտացոլվում է յուր արտաքինի մեջ, իսկ նորա արտաքինը լիովին համապատասխանում նորա ներքինին, այն է` վարդապետության: Հետևաբար նորա թե՛ աստվածպաշտությունն ու թե՛ վարչությունը, թե՛ կանոնական կարգն ու թե՛ կարգադրած կյանքը ըստ ամենայնի արտահայտիչ է նորա վարդապետության սկզբանց: Ներքինն ու արտաքինը այնպես անբաժան ու միացած է, ինչպես Քրիստոսի աստվածությունն ու մարդկությունն` ըստ երկնավոր և կամ մարդու հոգու և մարմնի միությունն` ըստ երկրավոր օրինակին: «Իմանալին` խորհուրդ հոգւոյս, և շօշափելին` պատկեր մարմնոյս». որոշում է և Ս. Գրիգոր Նարեկացին:
Երկրորդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին չի ճանաչում որևիցե արտաքին կյանք ու գործունեություն, որ ճշմարիտ հայ քրիստոնյայի գիտակցությունից դուրս լինի: Այլ նա քարոզում է, որ գիտակցությամբ լինի ամենայն մի գործ և ամենայն մի կենցաղ, և յուրաքանչյուր հավատացյալ, ըմբռնելով ու հասկանալով յուր արածի և անելիքի լավությունն, այնպես հառաջադեմ է յուր կոչման մեջ` իբրև ազատ կամքով, ըստ Աստուծո պատկերին ստեղծված անձնավորություն: Ուստիև Ս. Գրիգոր Լուսավորիչն ասում է. «Տեսիլ աչացն հաւատով լուսաւորի»:
Երրորդ` պահանջելով կատարյալ հավատք դեպի աստվածային տնօրինություններն ու Հայաստանյայց Ս. Եկեղեցու փրկարար ճանապարհը, նա ոչ թե թույլ է տալիս, որ ամեն մի ճշմարիտ հայ քրիստոնյայի արժանիքն այդ տեսական վիճակով լրանա ու լոկ անձնական դառնա, այլ նա պահանջում է, որ անհրաժեշտ հավատքի համաձայն ևս գործունեություն փայլի` ըստ վերոհիշյալ առաջին կետի սկզբունքին: Ճշմարիտ հայը պետք է ունենա կենդանի հավատք, որպեսզի նորա պտուղն, այն է` առաքինական, այսինքն` հուսո ու սիրո հանդեսն ինքնըստինքյան բղխի ու ճառագայթվի թե՛ անհատի ու թե՛ ամբողջ եկեղեցու հառաջադիմության համար: Վասնզի «զհաւատսն գործովքն զօրացուցանէ». ինչպես որոշում է Ս. Գրիգոր Լուսավորիչը:
Չորրորդ` ինչպես որ Հայաստանյայց Ս. Եկեղեցին անհատի փրկության համար է աշխատում և ինքն ևս անհատով է իրականանում ու հառաջադիմում, այնպես էլ յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ հայ թե՛ Հայաստանյայց Ս. Եկեղեցու մի անհրաժեշտ ու բաղկացուցիչ անդամն է և թե՛ անձամբ իսկ եկեղեցի է, այլև Քրիստոսի հետ հավատքով միացած թե՛ վեմ ու հիմք է եկեղեցու և թե՛ նորա հառաջադիմության նպատակ: Ըստ որում` յուրաքանչյուր հայ հավատացյալ թե՛ յուր եկեղեցով է փրկված ու կենդանի և թե՛ յուր Եկեղեցու իրականացման մի տարր. այլև թե՛ տարբեր է նորանից և ինքնագլուխ որդի Աստուծո և թե՛ միանգամայն նորանով է միանում անդրանկաց հետ, Աստուծո հաղորդակցում և աշխարհը տիրապետում, վասնզի հավատքն է նորա գոյությունն ու փրկությունը: Ուստիև Հայաստանյայց Ս. Եկեղեցու փառաց վառքի ժամանակ` «Ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ. մարմինք իւրաքանչիւր սուրբ սեղան, եւ ոգիք նոցունց` պատարագ ընդունելի» (Եղիշե, Է 97):
Հինգերորդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին, հավատարիմ մնալով յուր էության գաղափարին, որ բացատրվեց ԻԹ գլխում, ոչ թե բաժանումն է մտցնում յուր պաշտոնյաների ու յուր ժողովրդի մեջ, այլ նա վարդապետում է, որ երկուքն էլ մեկ են, և միայն յուրաքանչյուրը պետք է յուրովսանն իրագործե յուր կոչումն Աստուծո արքայության իրականացման համար, մեկն` իբրև պաշտոնյա և մյուսն` իբրև եկեղեցու մի անհրաժեշտ անդամ յուր նույնպես աստվածատուր շնորհներով: Այս սկզբունքի իրական փաստը հավատքի հանդիսում է փայլում. «Մի սիրտ յօժարութեան ամենեցուն արանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց եւ ամենայն միաբանելոց ի Քրիստոս: Քանզի առհասարակ զմի զինուորութիւն զինուորեցան, եւ զմիական զրահս հաւատոց պատուիրանին Քրիստոսի, եւ միով գօտեաւ ճշմարտութեան պնդեցին զմէջս արք եւ կանայք» (Եղիշե, Գ 51):
Վեցերորդ` ճանաչելով յուր կոչումը` Հայաստանյայց Ս. Եկեղեցին ոչ թե աշխարհի և աշխարհայինի մեջ է գտնում յուր կոչման իրագործման վայելքն, այլ աստվածահաճո գոծունեության մեջ. նա ոչ թե աշխարհն ու աշխարհայինն է յուր նպատակ դնում, այլ աստվածայինն ու երկնավորը, որոնց պետք է աշխարհը ծառայե իբրև միջոց: Ուստիև նա ոչ թե աշխարհի տիրապետությամբ է գոհանում և ոչ էլ ուրիշների հայացումն է նպատակ դնում, ինչպես տեսնում ենք նորա առաքելական գոծունեությունից Վրաստանում, Աղվանից, Պարսից, հյուսիսային և այլ հարևան երկրներում, այլ ցույց տալով յուր ամեն մի անդամին այն ճանապարհն, որով նա պետք է աստվածադիր տեր դառնա աշխարհի վրա և ամեն ինչ ծառայեցնե Աստուծո արքայության իրականացման: Վասնզի Եկեղեցին երկրավոր ու շահադիտական հաստատություն չէ, այլ «Սոյն ինքն եւ երկին երկնի յերկրի յուսապայծառ կերպիւ հռչակի» (Ս. Գրիգոր Նարեկացի):
Վերջապես յոթներորդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին յուր ժողովրդի համար միակ ճանապարհը դեպի Աստված և դեպի երանություն ճանաչում է, որ յուրմով է: Նորանով է թե՛ մուտքը Աստուծո արքայության մեջ, որ է ինքն իսկ, և թե՛ շավիղը դեպի կատարելություն, որ յուր մեջ է, ու թե պսակումը ճշմարիտ ընթացքի կատարման վրա, որ յուրմով է երաշխավորված, իսկ ճանապարհի միակ լուսատուն ու լուսավորողն է Ս. Գիրքն, որ թե՛ կրթում է Հայաստանյայց Ս. Եկեղեցու զավակներին ու թե՛ աճեցնում ու զարգացնում Աստուծո շնորհաբաշխ ձեռքի տակ. «Որք իջին յարգանդ հոգեւոր աւազանին պարգեւօք ամենասուրբ Երրորդութեան, օրհնութեամբ եւ քահանայական խորհրդեամբք, եւ ծնանին Հոգւով ի Քրիստոս լուսաւորեալ», – ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչն (Հաճ., Բ 402): Ուստիև սկզբից ի վեր ճշմարիտ հայի սկզբունքն է. «Մի է մայր մեր եկեղեցի, որ երկնեաց զմեզ, եւ մի է Հայր մեր Ս. Հոգին, որ ծնաւ զմեզ». դրոշմում է հայի ճակատին Սուրբն Հովսեփ: «Հայր մեր զսուրբ Աւետարանն գիտեմք եւ մայր` զառաքելական եկեղեցի կաթուղիկէ», – գոչեցին և հավատավառ Հայրերն առմիշտ:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից